Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դուրեկան հոտ էին որսում, բառաչում և ոտքերով ջլապինդ կիսահալ գետինը փորում:

Անհանգիստ էր և Պետին:

Տաքը նրան էլ էր նեղում, ավելի շատ էր քորում մարմինը և շուտ-շուտ նայում Այու սարին: Սարը նրա նշանն էր: Գարնան արևը հալցնում էր ձյունը Այու սարի, և կողերը քարոտ սևին էին տալիս:

Երբեմն գյուղի մոտակա հանդն էր գնում, ոտով ձյունը դեսուդեն հրում և տեսնում, որ նոր ծլող բեղի պես կանաչ խոտը ցցվել է ձյունի տակ:

Կենդանական մի հաճույք էր ապրում Պետին գարնան սկզբին: Ձյունաջրի 10 առվակների պես նրա երակներում արյունն ավելի էր եռում և ծիծաղում էր, կոկորդային ձայներ հանում: Այդպես ախորժով վրնջում է ձին, երբ ախոռը ոսկեհատ գարի են լցնում:

Պետին գարնան պատրաստություն էր տեսնում, տրեխներն էր կարակատում, պարկի քուղերն էր ամրացնում, ուսին քցելու հնամաշ կարպետն էր փռում արևի տակ:

— Պետին կարպետն արևին է տվել, — ասում էին գյուղացիք, և այդ նշան էր, որ մի քանի օր հետո տավարը հանդ է գնալու:

Հոգատար մոր պես Պետին գոմից գոմ էր գնում, դիտողություն անում կովատիրոջ, որ այս կովին շատ կեր տա կամ գոմը տաք պահի: Եթե մեկը կովի 20 ծնելու ժամանակն էր ուզում իմանալ, Պետուն էր հարցնում, թե կովը երբ է բուղով եկել:

Պետին գիտեր, թե այս հորթը որ բուղից է, կամ այս կովը դժվար է ծնում: Կովը ծնելիս նա անպատճառ պիտի գլխավերևը կանգներ, օգներ կովատիրոջ:

Եվ երբ լորձունքոտ հորթը թաց կոպերը հազիվ էր կարողանում շարժել, Պետին էր մաժում քիթ ու պռունգ կամ կովին շոյում:

— Ջան, հեյվանը շատ տանջանք ա քաշել... Համատես է, էս էն ալա բուղի հորթն ա հա՜: