Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամեն երեկո մենք հանդիպում ենք իրար նույն տեղը՝ ես ու Անդոն։ Նա պառկում է կողքի վրա, ես նստում եմ քարին։ Նա դեպի քաղաքն է նայում, դեպի գյուղի ճանապարհը, որով անցնում են այգիներից և արտերից վերադարձող հոգնած մարդիկ և եզներ։ Ես նայում եմ եզներին, մթին սարին։

Մենք միասին չենք լողանում, էլ այգիները չենք գնում ։

Ներքև, ուր հին մարագներն են, առավոտը կանուխ հավաքվում են մշակները։ Անդոն էլ նրանց հետ։ Քար են ջարդում, քարափներ են պայթեցնում նոր առվի համար։ Անդոն գիշերն էլ է քնում տախտակների վրա և հսկում է մուրճերի, քլունգների կույտը։

«Իլիստրիկի» են կառուցում Բաղիրովի տղաները։

Նրանք քաղաքում տներ ու խանութներ ունեն, նրանց մեծ եղբայրը Բաքու հարստություն է դիզել և վերադարձել է մեր քաղաքը էլեկտրակայան կառուցելու քարափի տակ, ուր գետը սահանքներ է գոյացնում։

Անդոն մշակ է, քար է ջարդում ցերեկը, երեկոյան ինձ պատմում է «իլիստրիկի զավոդի» մասին, մշակների մասին և այնպիսի բաներ, որ չեմ կարդացել իմ գրքերում։

Երբեմն ինձ հարցնում է իմ տեսած քաղաքների, իմ կարդացած գրքերի մասին: Ես նրան պատմում եմ գիտեցածիս ամենալավը, կարծես ընծայում եմ իմ վեգերի ամենագեղեցիկը, ինչպես երեխա ժամանակ: Նա շուռ ու մուռ է տալիս իմ ընծան, և կարծես դժգոհ է, որ ուզածը չեմ պատմում։

Իսկ ինքն ինչքա՜ն գիտե...

Վերին գյուղում ուսուցիչն ասում է, որ պատերազմը շուտով կվերջանա, որ փոշտն անտառով տանելուց երկու զինված մարդիկ վրա են տվել, սպանել են ստրաժնիկին, փոշտը «կտրել», որ ներքին կարանում գիշերը մինչև լույս կարտ են խաղում, որ Միրզա Դավթի տղա գիմնազիստ