Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վանին ամեն օր հոր դախլից փող է գողանում և տանուլ տալիս, որ մեր հայոց լեզվի վարժապետ Մինասի տանը «կոմիտե» է նստում, և նրանց պադվալը լիքը զենք է...

— Ո՞վ քեզ ասեց, Անդո...

— Իմացել եմ։

— Չի կարող լինի։ Որովհետև վարժապետին իսկույն կբռնեն։—Առարկում եմ ես։

— Վարժապետը զենքը հենց կառավարությունիցն է ստանում ։

Անդոյի աշխարհը ավելի հետաքրքիր է, ավելի խորը: Մարդիկ մերկանում են իմ աչքին նրա պատմածը լսելուց։ Վարժապետը դաս է տալիս ցերեկը, իսկ երեկոյան պատրոն է համարում, Վանին գրքերը թևի տակ առավոտները գնում է «սմատրիտելի» տունը, բայց գիշերը կարանում թուղթ է խաղում։

— Անդո, ուզում ես սովորե՞ս...

— Իմ սովորելը վերջացա՜վ... Ապերը հրեն հիվանդ...

— Ամառները ես քեզ դաս տամ,— ուրախացած բացականչում եմ ես։

— Գիշեր ցերեկ բանի եմ... Ո՞նց սովորեմ... Հրես մաստերը որ գա, ես մանտյորություն եմ սովորելու...

...Այն ամառը ես մենակ էի բարձրանում բրուտների քարայրը, նստում էի բրուտ Ավագի դռանը, ծերունին ցեխոտ ոտքով դարձնում էր չարխը և անսպառ հետաքրքրությամբ լսում իմ պատմածը։ Երբեմն Չոլախն էլ էր գալիս...

Ամպած մի օր մենակ իջնում էի բրուտների կածանով։ Քարերը գլորվում էին դեպի խորխորատները, և նրանց աղմուկից վախեցած աղավնիներն անհանգիստ ճախրում էին։

Ես զգացի մի ծանրություն, որ արդեն ճնշում էր։ կարծես մի բան հասել էր, ինչպես դեղնած պտուղը, ահա վայր պիտի ընկնի և թեթևացած ճյուղը պիտի ձգվի։ Ես