Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չգիտեի, որ իմ սրտի ծանրությունը այդ մռայլ ձորերն էին, տխուր արահետը, որով շատ քիչ մարդ է անցնում։ Ինչքան իջնում էի, այնքան արագացնում էի քայլերս, կարծես հետևում թողնում էի այդ ծանրությունը։

Երբեմն, տարիներ ընդ մեջ, եղել եմ մեր թաղերում։ Սակայն ամպամած այդ օրից հետո մինչև այժմ երբեք չեմ բարձրացել բրուտների ճանապարհով։ Ինձ պատմել են, որ այնտեղ էլ ոչ մի չարխ չի պտտվում, որ մի մեծ ժայռ փլվել է և տակովն է արել այն քարայրը, որտեղ աշխատում էր չոլախ Եգորը։

***

Իմ հիշողության մթագնած հորիզոնի վրա ցցվում է դաժան մի պատկեր։ Դժվարությամբ եմ ճանաչում դեմքը, կապակցում մարդուն ու շրջապատը... Մեր քարափն է, խավար ձորը, որտեղ ոչինչ չի երևում։ Մյուս ափը լույս է. քարերը սպիտակ են, ինչպես ձյունի կույտերը գարնահալոցքի գիշերը։ Կարմիր, դեղին, գորշ եզներ նստոտել են քարերի մոտ, նրանք անշարժ որոճում են, և թվում է, թե քարերը կարող են եզներ դառնալ կամ թե եզները, եթե շատ նստեն, կքարանան։ Մեկը փաթաթվել է մաշված կարպետի մեջ և քարի տակ քնել է...

Որքան պրպտում եմ, չեմ կարողանում որոշել, թե երբ եմ տեսել մթին ձորի լուսավոր ափը, կանաչ խոտերի վրա հանգստացող եզները։

Իսկ քարափի գլխին կանգնած ստվերն իմ ընկերն է, բրուտի տղան։ Նա սեղմում է իմ ձեռքը... Ես փողոցի անկյունից հետ եմ նայում։ Դեռ կանգնել է քարափի գլխին, և դժվար է որոշել, թե որ կողմն է ուղղված նրա հայացքը։ Նա ձեռնափայտ չունի, բայց կռացել է այնպես, կարծես ծնոտը հենել է փայտին։

Նույն կառքը, նույն ճանապարհը, որ շողշողում է մթի մեջ, ինչպես փրփուր ջուրը։ Նույն զանգուլակները, տխուր ձանձրույթը։