Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ հանկարծ մթնում վառվեցին ճրագները, միանգամից կարծես լույսի ալիքներ ծփացին քաղաքի վրա, ինչպես քամուց ծփում է հասած արտը։

Ես մտածում եմ, որ Անդոն իջել է ձորը, Դամուրի ավերակ մարագը, որ կենդանացել է, խորացել, որովհետև ներսը մեքենաներ են դարսել և պողպատները մեխել ժայռերին։Հիմա բանտարկված գազանի նման դինամոն մռնչում է խոնավ քարանձավում, որի կտուրից ջուր է կաթկթում։

Անդոն կրակ է անում դուրսը, մուտքի մոտ, որտեղ քարը փորել են և խոռոչում օջախ սարքել։ Նա սևացած չայդան ունի։ Պղինձը հիմա կախել է կրակի վրա, և բոցը թրթռում է ձորում։

Շուտով բոլորովին կմթնի, օջախի կրակը կհանգչի, Անդոն կփաթաթվի չեխոլի մեջ և հոգնած աչքերով, մինչև լույս պիտի նայի կարմիր լամպին, պղնձյա սլաքներին, փոկերին։ Հոգնած կոպերը պետք է ծանրանան աչքերի վրա, սակայն լսողությունն իբրև արթուն պահակ պիտի հետևի մեքենայի աղմուկին։ Ամենաթեթև խանգարումից Անգոն չեխոլը դեն պիտի շպրտի և մոտենա մեքենային։ Սարից փչում է սառը քամին։ Կառքը բարձրանում է դեպի կատարը... Ներքև թարթում են բազմաթիվ ճրագներ, նրանք հսկում են քաղաքի վրա, ինչպես «մանտյոր Անդոն» քարանձավի դինամոյին։ Նրանք հանկարծ ուժեղացնում են լույսը, ապա մեղմում։ Կառքը գլորվում է սարի մյուս երեսը, իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում քաղաքին, Գյունեյ թաղին, մեր Ցից քարին, իմ մանկության և նրա ընկեր Անդոյին։

— Երեք անգամ լույսերը եթե սպիտակեն, ուրեմն իմացիր...

Այդպես ասաց Անդոն, երբ միասին դուրս եկանք քարանձավից։ Նա ինձ համար էր անում, ինձ հրաժեշտ էր տալիս։

Երրորդ անգամ ես չտեսա, թե ինչպես