Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թելերն էր կտրատել, մյուս տեղը ճրագն էին ջարդել։ Թնդանոթի գնդակը ճեղքել էր սյունը, և սպիտակ բաժակները ցած էին կախվել և աղիողորմ զրնգում էին, երբ քամին իրար էր խառնում թելերը։

Մանտյորն ամեն տան էր լինում։ Նա լսում էր, նա տեսնում էր ինչ են ասում տներում հավաքված մարդիկ, ով ինչպես է ապրում։ Մի անգամ նա տեսավ Մաշոյին ձյունի նման սպիտակ շորեր հագին, մազերի մեջ ծաղիկներ։ Աղջիկը մի սպայի հետ իջնում էր սանդուղքով, իսկ մանտյորը կապկպում էր էլեկտրալարը։

Երբեմն թարթում էին ճրագները, երկու անգամ, երեք անգամ, մերթ ամբողջ քաղաքն ընկղմվում էր խավարի մեջ, և ապա լույսերը նորից բռնկվում էին։ Այդպիսի գիշերներ քաղաքի խուլ թաղերից մի քանի հոգի զարտուղի ճանապարհներով, այգիների արանքով իջնում էին ձորը, և մինչև հավախոսը կարանում լսում տեղեկություններ, որոշումներ անում, նամակներ գրում ու կարդում։

Մանտյոր Անդոն երբեմն վազում էր նրանց մոտ, մի քիչ լսում, իր խոսքն ասում և երբ ոտնաձայն լսեր կամ մեքենան փոխեր աղմուկը,— աննկատելի վերադառնում էր կայանը։

Ամբողջ ձմեռը քաղաքում մերթ ընդ մերթ լույսերը թարթում էին... Եվ շատ քչերն էին հասկանում, թե ուր են կանչում Անդոյի լույսերը։ Այդ քչերը կամաց դուրս էին գալիս դեպի ձորը, դեպի հին քարանձավը։

Բուքը խաղում էր ձորում։ Մրսած գայլերը այգիների պատերից թռչում էին ցած, քարափին մոտենում։ Նրանք սարսափահար փախչում էին մեքենայի աղմուկից և լույսերից, փախչում էին և ոռնում մեր մթին թաղերի վրա։ Անդոն քարի տակից հանում էր տպագիր առաջին լոզունգը։ Նա փակում էր դուռը, թուղթը մոտեցնում կարմիր լամպին։ Խունացած թուղթը արնագույն էր դառնում, և սև տառերը պողպատի սառնությամբ ասում էին։

— Խաղաղություն խրճիթներին. պատերազմ պալատներին...