Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դրսում ոռնում էր բուքը, քաղաքի վրա ձմռան հետ ծանրացել էր թշնամու երկաթե կրունկը։ Իսկ մանտյոր Անդոն իր ապահով անկյունում հանում էր այն թուղթը, որի համար նրան սրախողխող կաներ Մաշոյի սպան, եթե տեսներ։

Այն գարնանը ձյունը դժվար վեր կացավ։ Քարերը մերկացել էին, բայց նրանց հյուսիսային փեշերին մնում էր կապտավուն ձյունը, որ լուսնյակ գիշերներին շողշողում էր կաթնագույն փայլով։

Բրուտ Ավանդը վերև չէր բարձրանում։ Գետերի ճանապարհը փակ էր, ամեն քարի հետև մահ կար թաքնված։ Նա մեր թաղի եզների հետն է, ման է գալիս տաք ձորերում, մաշված եզները կոշտ լեզվով տրորում են թարմ կանաչը։ Նրանք հոգնում են ման գալուց, նստոտում են քարերի արևկող երեսին, եզնարած Ավագը փաթաթվում է կարպետի մեջ և ննջում։

Երբեմն եզները մոտ է քշում ձորին։

Հայրը տեսնում է որդուն և կերկեր ձայնով կանչում է նրան ձորի գլխից:

Գարունն անհանգիստ օրեր բերեց։

Զինված մարդիկ վխտում էին քաղաքի փողոցներով, ձիավորներն աջ ու ձախ չափչփում էին։ Պտտվում էին լուրեր, որ ֆրոնտը մոտենում է։

— Գալիս են,— ասում էին իրար։ Ոմանք ավելացնում էին «մերոնք», ոմանք «նրանք», իսկ մնացածները միայն հաղորդում էին, որ գալիս են։

Օրը ցերեկով թնդանոթի գնդակը թռավ քաղաքի վրայով և պայթեց գերեզմանատան հետևը։ Առաջին պայթյունը կարծես նրա համար էր, որ հաստատեր, թե գալիս են:

Նշանը բռնել էին զորանոցների կողմը։

Մարդիկ փակում էին դուռ ու լուսամուտ, ովքեր ունեին դուռ ու լուսամուտ։ Փողոցում երևում էին նրանք, որոնց մեծ մասի համար զենքը ծանրություն էր: Եվ նրանք