Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սրտատրոփ սպասում էին այն ժամին, երբ նորից կառնեն մանգաղն ու գերանդին։

Անա զիզին քաղաքի փողոցներում մոլորվել էր` վախից, անհանգստությունից... Անդոն չկար, երեք օր առաջ նա չքացել էր։ Լռել էր մեքենան, ձորում մութն էր լինում գիշերները, և այդ մութը տարածվում էր և քաղաքի տափարակի վրա։

Լույսերը չէին թարթում, նրանք չքացել էին։ Միայն լուսնյակն էր շողշողում լամպերի ապակիների և պղնձյա լարերի վրա։

Իսկ քաղաքում, սպան ատամները կրճտացնելով պատմում էր Մաշոյին, որ ամբողջ ձմեռը սիգնալներ է տվել ձորից այն գազանը, որ մանտյորի շորերով տունետուն ման էր գալիս։

Մաշոն չէր հասկանում սպայի խոսքը, ինչպես դժվար դասը...

...Քանի մնում է քարափը, կմնա և բրուտի որդու առասպելը: Դեռ երկար ժամանակ բերնեբերան պիտի պատմեն նրանք, որոնք ականատես եղան, իսկ եթե նրանց վերջինը մեռնի, այդ պատմությունը պիտի ավանդվի իբրև պապերից լսած զրույց։

Մյուս առավոտ սարի հետևից թնդանոթները որոտացին: Մի քանի պայթյուն մի անգամից լսվեց։ Եկեղեցու խաչը թեքվեց, ճոճվեց ինչպես ճյուղը։ Ապա հանկարծ ընկավ ընկուզենու վրա ու խրվեց գետնին։

Քաղաքում սկսվեց խուճապը։

Միանգամայն անսպասելի կերպով ձորի կողմից քաղաք մտան չորս ձիավոր։ Նրանց առաջից գնում էր մեկը` սպիտակ ձիու վրա:

Ձիավորները մի վայրկյան կանգնեցին քաղաքի սահմանագլխին, ապա, երբ որոտացին թնդանոթները, նրանցից երկուսը քշեցին դեպի գերեզմանատունը, փռփռացնելով փոքրիկ կարմիր դրոշակներ։ Նրանք այդ դրոշակները խրեցին գերեզմանատան բյուրի վրա իբրև նշան