Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նորոգ երկիրք նոր մանուկներ...

Դիպվածը ինձ էլ նետեց մեր հին թաղը։

Ես հաստատ քայլերով կոխոտում էի այն կածանները, ուր խաղալով անցել է իմ մանկությունը։ Ահա Նեղը, փրփրան ջուրը, քեղի թունավոր թփերը։ Իմ ընկեր Անդոն պատմում էր, որ օձերը իրենց լեղին նրա տերևներից են շինում։

Բիբլիական Հովբի նման ավերակ տան առաջ նստել էր բրուտ Ավագը։ Նա գրկեց ինձ, շոյեց դեմքս, ինչպես կույրը։

— Անդոն, իմ Անդոն...

Ես երկար դիտում էի նրա դեմքը, որ կծկվում էր։

Արցունք չերևաց նրա դեմքին, թեև ձայնը խուլ հեկեկանքից դողում էր։ Կարծես աչքերի հետ ցամաքել էին և արցունքի ակները։

Մեր թաղի գերեզմանատանը Անա զիզին է թաղված։ Գերեզմանաքար չկա, ոչ գիր, ոչ մի հուշարձան։ Գարնանը կանաչում է թումբը, մոլախոտերը խեղդում են վաղահաս ծաղիկներին, ասես միամիտ են, որ չի զարթնի Անա զիզին և ոսկորե կտորով չի քաղհանի նրանց։

Քարափին երեկոները շարվում են ուրիշ աղջիկներ, նրանց մանդոլինը նվագում է նոր երգեր։ Եվ երբ հոգնում է, սկսվում է անսեթևեթ զրույց, տղաներից մեկը ցույց է տալիս ձորի ճեղքված քարը, կրկնում մանտյոր Անդոյի կյանքն ու մահը։

— Կարմիր հեծելազորը քաղաք մտավ կամուրջի կողմից․.. Հետևից, հրացանների վրա բերել են նրա արնոտ մարմինը։

Էլի ի՞նչ։ Վայր դնե՞մ գրիչս...

Բայց ինչու՞ են դողում մատներս... Դեռ վախճանը չի․ Թրեր պիտի զրնգան և հրազենները պիտի շառաչեն հին խոսքը.

— Խաղաղություն խրճիթներին, պատերազմ պալատներին։