Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՍԵՎ «ՀԱՑԸ»
1

Քաղաքի աղմուկը հանդարտվում էր։

Կարծես դաշտ էր, ուր լուսաբացին՝ առաջին ավտոյի աղմուկից սկսվել էր ճակատամարտի ժխորը, կեսօրին թեժացել, երեկոյան դեմ՝ միսկարները հավաքել էին պղինձը, դարբինները դարսել էին մուրճերը, մեքենաները լռել, ավտոները, ինչպես եղեգնուտի բադերը, քնել էին գարաժի թիթեղյա ծածկի տակ։

Երեկոյան դեմ գարնան վարար անձրևը նոր ծաղկած ծառերին, մայթի քարերին ու ծանր կավահողին բաշխել էր զով, պղտոր ջրի լճակներ ու լպրծուն ցեխ։

Սպիտակ ամպերը սարերից սողացել էին դեպի քաղաք և անգլուխ քարավանի նման դանդաղ ու մունջ պտույտ էին անում փողոցներով, քսվում կտուրներին։

Տների բարձր հարկերը չէին երևում ամպի սպիտակ քուլաների մեջ, որ օրորվում էին, իրենց հետ օրորում տները, հեռագրասյուները, էլեկտրական ճրագները և նրանց ցոլքը անձրևաջրի պղտոր լճակներում։

Ամբողջ քաղաքի վրա բարձր աշտարակից ռադիոն թափում էր գարնանային երգի տաք ելևէջները։ Աշտարակի ներսը առողջ կրծքով մի աղջիկ թավ ձայնով երգում էր բամբակի դաշտերի և հասած արտերի երգը։