Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


թիվ ռուպորներ, ինչպես ցնցուղը մաղում էին զվարթ երգը հոգնած քաղաքի վրա։

Բարձրախոսների տակ խումբ-խումբ մարդիկ լուռ լսում էին մշակը` մեջքի համետին հենած լրագրավաճառը` թերթերը թևի տակ, տղան` աղջկա թևը գրկած, կառապանը «կոզլու» վրա,—նույնիսկ ձիերը ականջները կախել էին, քրտինք էր գոլորշիանում նրանց մարմնից, մրսում էին խոնավությունից,—բայց ձիերն էլ անշարժ էին։

Այդպես չէր քաղաքի խուլ փողոցներում, ուր կավի կույտ տներ են, առանց ճրագ, առանց լուսամուտ… Այդ տների բակում ծաղկել էր դեղձենին, ծիրանը։ Գիշերվա այդ ժամին կավի տներում խոր քնի թագավորություն էր։

Ռադիոյի մետաղյա փողը այդ տխուր տների վրա երգում էր կարծես ավելի մեղմ։ Ո՞վ գիտե ներսը, մութի մեջ մի անքուն աղջիկ լսում է արտերի երգը, և նրա ականջի տակ հնչում է մի ուրիշ ձայն, հանդա՜րտ, ինչպես հասկերի խշշոցը։

2

Լևոնը գլխավոր փողոցից ծռվեց դեպի ձախ։

Անկյունում նրա ականջն ընկավ երգը, տեսավ լուռ լսողների խումբը։ Նա զարմացած գլուխը վեր բարձրացրեց, կարծես առաջին անգամն էր տեսնում սյունից կապած բարձրախոսը։ Երգը, այդ խումբը կտրեց նրա մտքի թելը, ինչպես ջրի հոսանքը դեմ է առնում վերևից գլորված ժայռի։

Բայց հենց ծռվեց դեպի մութ փողոցը, հոսանքը նորից մտավ ծանոթ հունը։ Ու գլուխը կախ գնաց, կոխոտելով թանձր ցեխը, անձրևաջուրը։

Թևի տակ պայուսակն էր։ Ու միտքը շարունակում էր հյուսել այն թվերը, հաշիվները, որ շարված էին պայուսակի թղթերի վրա։