Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բանալին դարձավ երկու անգամ, և ապակյա դուռը բացվեց։

Մութ նախասենյակում նա վարժ շարժումով իր մշտական տեղը հանեց կալոշները։ Մի փափուկ բան քսվեց ոտքերին, մռռաց։ Մաջիտա մայրիկի Վանա կատուն էր։

— Փիսո՜...

Եվ փիսոն հետևեց նրան մինչև սենյակի դուռը, ապա առաջինը ներս մտավ, երբ Լևոնը քաշեց սենյակի դուռը։

Ճրագը վառեց և պայուսակը քցեց սեղանին։

— Փիսո՜...

Կատուն մեջքը ուռցրեց, նրա ծովի գույնի մորթը ալիքաձև շարժվեց ուսերից մինչև պոչը։

Բայց Լևոնը ձեռքով չշոյեց կատվի ուռուցիկ մեջքը։

Կատուն ցած թռավ թախտից և, ծանր պոչը քարշ տալով, դուրս եկավ սենյակից, իր կատվային դժգոհությունն արտահայտելով դանդաղ քայլքով։

Լևոնը նստեց թախտի ծայրին... Եվ ինչպես օտարականը սկսեց դիտել իր բնակարանը, իրերը։ Աչքն ընկավ կանաչ ծաղկամանին, որ կնոջ բազուկի ձև ուներ․ վերը` բարակ մատները բաժակաձև սեղմվել էին իրար, որպեսզի պահեն ծաղիկները։

Lևոնի զարմացած հայացքը կանգ առավ ծաղկամանի վրա։ Այդ անշուք սենյակում ծաղկամանը մենակ էր և չէր մերվում կոշտ, չներկած սեղանին, երկաթյա մահճակալին` որի նման հազարներ կան հիվանդանոցներում, զորանոցներում։

Իսկ գրքերի դարակին հենած հրացանը ուղղակի թշնամաբար էր թեքվել դեպի ծաղկամանը։ Փողի բերանը գազազած աչքի պես նայում էր կնոջ ապակյա մատներին։

Բոլոր իրերը իրենց կարճ և գորշ պատմությունն ունեին, բացի ծաղկամանը։ Եթե Լևոնի սենյակի իրերը իրենց կյանքը պատմեին, մահճակալը պիտի ասեր, որ ինքը երկաթից է շինված, չորս տարի վրան պահել է հիվանդ, վիրավոր զինվորների, որոնք իրեն ծռմռտել են, ապա