Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատահարներ, կցկտուր խոսքեր, հարևանի տանը լսածը և վերջապես հավերի գլխովն անցածը — ահա նրա զրուցի առարկան։

Սակայն կար և մի խորհրդավոր «թեմա», որի շուրջը խոսակցությունը ակնարկից այն կողմը չէր անցնում, և որին Լևոնը պատասխանում էր անկեղծ ծիծաղով։

5

— Դհա կուզե՞ս... — Չէ, մայրիկ... Տաքացա: Էսօր դուրսը քիչ խոնավ է։

— Տնավեր, էն կազախի կիսու չափ էլ չկաս... էն կանդար չայ, ես իմ աստված, հավատալու չի...

«Ղազախը»— նույն միջանցքում ապրող ռուս բարձրահասակ ուսանողն էր, որից Մաջիտա մայրիկը քաշվում էր: Ոչ մի բառ ռուսերեն չիմանալով, Մաջիտա մայրիկը մտերմացել էր միայն նրա փոքրիկ աղջկա հետ, որի թևից բռնած երբեմն տանում էր հավաբունի կողմը և կուտը տալիս աղջկանը, որպեսզի նա ցրի։

— Լցե՞մ։

— Չէ, մայրիկ...— և Լևոնը տեղից վեր կացավ։

— Էսօր չգիտեմ ոտքս ինչու է ցավում...

— Յարալու ո՞տքդ է...

— Հա՛։

— Ոսկորիցն է... Եղանակը որ նամացավ, իսա ոսկորիս մեջն է։ Որ արև էլավ, օդը չոր՝ հեչ...

Մաջիտա մայրիկը բաժակը վերցրեց, սեղանից սրբեց շաքարի փշրանքը։ Լևոնը մոտեցավ գրքերի դարակին։ Մեջքը դեպի պառավը։ Չէր երևում, գրքերի՞ն է նայում, թե՞ ծաղկամանին։

Պառավի մտքովն անցավ, որ հարմար առիթ է ավելի պարզ ասելու այն բանի մասին, բայց Լևոնը հանկարծ շրջվեց։