Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Խոնավ է, բայց լավ գիշեր է...— և կարծես ինքն իրեն վերջացրեց,— էսօր հոգնած չեմ, թեև շատ եմ աշխատել...

— Գարուն է... Անուշ օր կբացվի վաղը։

— Ամպ է, մի քիչ ցեխ...

— Մասսի կլոխ պարզ ի... լուսու մոտ լուսնակ կելնի...

— Դա՜-սս...

Այդպիսի անհասկանալի բառերից Մաջիտա մայրիկը խորշում էր։ Նա այնքանն էր հասկանում, որ Լևոնի միտքն այդ րոպեին նրա համար անմատչելի հեռուներումն է։

— Քելի՜, փիսո... — կատուն մռռաց։ Լևոնը մատներով թմբկահարում էր դարակի տախտակը։

— Նայի որ «պապեն» շուտ առողջանա...

— Ղուրբան քեզի, Լևոն, որ չուրիլուս միտքս էտա ի։

Եվ պառավը դուրս գնաց «բարի գիշեր» ասելով, գնաց փոշմանած, որ ինչո՞ւ չասաց։ Նա երբեք Լևոնին այդքան պարզ և հասարակ չէր տեսել։ Նույնիսկ ուրախ էր. պառավին թվաց, թե նա մատները քսեց ծաղկամանին:

Իսկ պառավը ուզում էր հիշեցնել... ամուսնությունը։

Նա ակնարկներ էր անում, որ Լևոնին պակասում է «խորոտ կնիկ», այն ժամանակ օրերը ուրիշ կլինեն, ո՜ւրիշ...

Բայց չասաց։ Պառավը կորցրեց ամենահարմար առիթը, որովհետև Լևոնի վրա իջել էր այնպիսի տարօրինակ ժամ, երբ մարդ բացում է ներսը և թերթում հանդարտ, ինչպես ուրիշի ստեղծագործությունը։

Գարնան գիշերն էր, ռադիոյի երգն էր բամբակի դաշտերի մասին, թե ծաղկամանն էր,— դժվար էր ասել։ Գուցե բոլորը միասին, ավելացրած այն խաղաղ տրամադրությունը, որ ունի մարդ, երբ հաջող ավարտում է աշխատանքը։ Գուցե և ուրիշ մութ բան, ինչպես բողբոջի բացվելը, ջրերի խոխոջը։