Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Լևոնը բաց արեց պատուհանի փեղկը։ Սառը քամին ներս խուժեց խոնավ հողի բույրով։ Մի րոպե թարմացավ ճակատը։ Մոտեցավ սեղանին, քաշեց արկղը։

Թղթերի, գրքույկների, նամակների և նկարների խառնիխուռն կույտեր էին։ Կային նագանի փամփուշտներ, որսորդական դատարկ պատրոններ, մի քանի դատարկ տուփեր և այլ անպետք և պիտանի մանրուք։

Նա հետ տվեց մի փաթեթ։ Փոքրիկ կարտոնի վրայից իրեն էր նայում Լուսիկը, այնպես, ինչպես այն տարին։

— Մեկ, երկու, շուտով երեք տարին կլրանա,— մտքում հաշվեց Լևոնը։

Եվ այն, որ շուտով երեք տարին կլրանա, այն, որ Լուսիկի բաց ճակատին մի խոպոպ էր կախվել և խանգարում էր նրան գրելիս, և այն անկրկնելի գարունը նրա սիրտը լցրին անհանգիստ վրդովմունքով։ Նա աչքերին մոտեցրեց նկարը, ապա դժվարությամբ հետ տարավ, պահեց թղթերի տակ, թափով հետ մղեց սեղանի արկղը։ Թափից երերաց սեղանը ու վրան դրած էլեկտրական ճրագը։

Լևոնը տեղից կանգնեց, ձգվեց, մկանները տրաք-տրաքվեցին. Մի դյուրեկան հոգնածություն իջավ մարմնին։ Չքացավ անհանգիստ վրդովմունքը։

— Էսօր քունս չի տանում... Գնա՜մ Ասաքի մո՞տ...

Եվ նայեց ժամացույցին։ Ժամանակ կար։ Կարծես այն, որ ժամանակ կար, ավելի հաշտ դարձրեց իրեն՝ այդ վրդովմունքի և վերհիշողության հանդեպ։

Լա՛վ, հիշիր, բոլորը, բոլորը... հետո ի՞նչ... նու հիշի՛ր:

Կարծես հիշողը տարբեր մարդ էր, և ինքը նրան թույլտվություն էր տալիս։

Եվ վարագույրն ընկավ ծածկված նկարներից։ Առաջին պահ նա զարմացավ... Ի՜նչքան բան է մնացել Լուսիկից իր հիշողության խորքում։ Իսկ ինքը կարծում էր, որ չնչին են հետքերը։