Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նկարներ են կախված հիշողության պատրից։ Ահա կատաղած, պղտոր գետը ձորի մեջ։ Սև քարերը հազիվ են շողշողուն գլուխները ցցել փրփուրի միջից։ Այդ հեղեղի վրայով քարից քար ցատկելով անցնում է ինքը Լուսիկի թևից բռնած... Եվ դեռ քրքջում են։ Ահա Լուսիկի ոտքը սայթաքեց, քիչ մնաց գլորվի փրփուրի ավազանը։ Թևից կախվեց, ափը հասան, չոր ցախերը ժողովեցին, փոքրիկ խարույկը թեժացավ, փռեցին Լուսիկի թաց գուլպաները։ Իսկ աղջիկը բոբիկ ոտքերը դրել էր մոխրի վրա։ Բոցը խաղում էր նրա սրունքների վրա, ինչպես աղոտ հայելու մեջ։

Այս նուրբ նկարը... Ճանապարհը սպիտակին է տալիս, ինչպես ջուրը լուսնկայի շողերով։ Հորիզոնի խորքում շողշողում է Արարատի սպիտակ գլուխը։ Կապույտ երկինքը կարծես կոր հայելի է, և նրա խորքը արտացոլում է մի ուրիշ գագաթ։ Սայը ճռռում է ամառվա հանգով։

Գյուղից են գալիս... Բացօթյա միտինգ էր, իրիկնադեմին՝ երգ ու խաղ։ Ոմանք ոտով են։ Աղջիկները սայլի վրա են։ Իսկ Լուսիկը երգում է։

Նռան կլեպ պռոշդ,
Նեյնիմ ա՜ման աման...

Երգում է հոգնած, բարակ ձայնով։ Սայլը ճռռում է երգի հանգով, օրորալով գնում են եզները։

Այս մեկը խավար է։ Այս մեկը ամենաջերմ նկարն է, ներկը վառ, ինչպես Լուսիկի երեսը, երբ ծաղկած ծիրանների փողոցից մտնում էին լուսավոր պողոտան։

Ծաղկած ծիրանների փողոցը... Նույնիսկ փողոց չի կարելի հաշվել, որովհետև մի ծայրը աստիճանաբար բաժանվում է բարակ ճանապարհների, որոնք կավե պատերի արանքով տանում են դեպի այգիները, և այնտեղից էլ մի ճյուղը ձգվում է ամայի բլուրի վրայով դեպի առապարները, ուր գարնանը մակաղում էր քրդերի ոչխարը։