Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին, կարծես առուն վշտակցում էր Լուսիկին, իսկ երբ ծիրանիների տակ զրույցը դառնում էր առօրյա դժվար աշխատանքի և պայքարի շուրջը, կարծես լսելի էր, թե ինչպես ալիքները խփում են քարերին, որոնք խանգարում էին նրանց սրարշավ ընթացքը։

Եվ ինչ խոսում էին՝ ջուրը տանում էր. բոլորը, նույնիսկ համբուրելը, հանաքները, այն, որ կավի պատը փոշոտում էր Լուսիկի դեյրան, շունը, որ ցած թռավ և նրանց վախեցրեց,— բոլորը չքացել են, մնացել է լազուր հիշողությունը և մի կսկիծ, որ երբեմն մրմռում է, ինչպես ոտքի սպին, բայց նա կարողանում է տեսնել, շոշափել սպին, երբ տրորում է ոտքը, ցավը մեղմանում է։ Իսկ այդ հետքը չի շոշափվում, բայց կա, մնում է:

Այ հենց հիմա... Շրթունքները չեն ասում, բայց մտքում կրկնում է. — Ինչքա՜ն լավ աղջիկ էր Լուսիկը...

Մտքում կրկնում է, կարծես թե այդ լավ աղջիկը մեռել է: Բայց Լուսիկը կա. շուտով ինժեներ կդառնա այն միամիտ աղջիկը։ Նրա մատները գծագրում են, տներ են շինել մարդիկ Լուսիկի պլանով։

Այսպես հասարակ եղավ բաժանումը։

— Ցտեսություն, ընկեր Լևոն...

Առաջին և վերջին անգամ նա այդպես ասաց։ Իրեն ուղարկեցին շրջան, Լուսիկը գնաց Մոսկվա։

Հետո ի՞նչ... Խնդրել է, գուցե թե հաջողվի, և ինքն էլ գնա։ Բայց չի կրկնվի ծիրանիների փողոցը։

Անցյալ տարի Լևոնը մեքենայով անցավ այդ կողմերով: Պատահմամբ ընկավ... փողոցի աջ կողմը բարձրանում էին նոր տները... նրանց մի մասը կիսավարտ էին: Փողոցի երկայնքով շարել էին կապույտ որձաքարը: Մնում էր ծիրանիների փողոցի ձախ պատը, պատի հետևը՝ ծառերը։ Նույնիսկ ջուրը տեսավ և այն պատշգամբը, որի տակ պատսպարվել էին հորդ անձրևին:

Լևոնը գիտեր, որ քաղաքի շինարարությունն այն կողմերում է կենտրոնացած: Բայց առիթ չէր եղել շրջելու։