Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խճուղային վարչության Սողոմոնը՝ հաղթանդամ, ծանրախոս, դանդաղաքայլ։ Երկու օր առաջ կոմիտեի նիստում նրա զեկուցումն Էր։ Մի քիչ «սեղմեցին». Սողոմոնը նեղն էր ընկել։ Լևոնն էլ ուզեց խոսք վերցնի և ավելացնի, որ ուշադրություն չեն դարձնում, որ շատ գյուղեր տրակտոր, շարքացան չի կարելի տանել միայն ճանապարհ չլինելու պատճառով, բայց ականջին հասավ Սողոմոնի ռեպլիկը, ուղղված մի ուրիշին.

— Բուջե չկա, բուջե չկա... էտ անդերը հինչավ շինեմ...

Հոգնած ժողովը ծիծաղեց նրա բարբառի, նրա պարզամտության և զայրույթի վրա։

Պատուհանի ետևից երևում էր Սողոմոնի գլուխը: Լևոնը հիշեց այն նիստը, սակայն միտքը թռավ հետ, քաղաքացիական կռիվների տարին, այն լեռնոտ գավառը, որտեղ այն տարին ապրում և պայքարում էին ինքը, Սողոմոնը, որին Սուղի էին ասում, Ասաքը, որին քաղաքում ճանաչում են իբրև ընկեր Սահակ, և ուրիշները... Մի քանիսը սպանված, ոմանք այստեղ, ուրիշները ցրված խորհրդային անծայրածիր երկրներում՝ Թուրքստանից մինչև Սառուցյալ օվկիանոսի ափերը:

Եվ շարունակեց քայլերը, մտքում՝ Սուղին, Ասաքը, այն լեռնոտ գավառը, քաղաքացիական կռիվների տարին։

Սուղին այն ժամանակ հազիվ գրաճանաչ էր: Ամառ ձմեռ հագին ռետինե տարօրինակ պլաշչ էր, որի նմանը նա անցյալ աշնանը նավի վրա տեսավ մատրոսների հագին։ Որտեղից էր ընկել այդ պլաշչը։ Նստում էր ժողովներին, Սուղին ձանձրանում էր վեճերից, բայց երբ հարցը գալիս էր ապստամբության, նրա աչքերը լայնանում էին, ոտքի էր կանգնում, սրան նրան հրմշտկելով մոտենում սեղանին և ձեռքը խփում։

— Հուպ տու... իմ ասմունքն էլ էդ ա... Առաջին տարիները գավառում նրան այդպես էլ կանչում էին. «Հուպ տու Սուղի...»։