Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ Ասաքը ծանր էր, տարիքից ավելի լրջամիտ: «Ուրբաթախոս» էր, ծխախոտը բերանից անբաժան։ Ինչ էլ ձեռքն ընկներ ծխում էր՝ մախորկա, խոտ, տերև... նրա ծխախոտի կծու հոտը ջղայնացնում էր Սուղուն։ Երբ մի ժողովում հարց էր դրված թշնամու թիկունքը մարդ ուղարկել, Սուղին Ասաքի թեկնածությանը հակառակեց.

— Նրա բերանից օնջահոտ ա գալիս... Քառասուն վերստի վրա էլ նրան էդ շնահոտի վրա կճանաչեն։

Մի ուրիշ լայն փողոց վերևից գալիս և երկու կես էր անում այն փողոցը, որով գնում էր Լևոնը։ Խաչաձև կտրվածքի մեջտեղը հետ ու առաջ էր գնում հերթապահ միլիցիոները: Նա ձանձրացած էր քայլում, կարծես կարոտում էր ցերեկվա ժխորին, որպեսզի գոտկից կախ նշանի փայտը... ու ձախ դարձնի երթևեկությունը կանոնավորելու համար:

Մայթերի վրայով տուն էին շտապում մարդիկ։ Նրանք ուշադրություն չէին դարձնում միլիցիոների վրա։ Նույնիսկ վերևից մի ավտո սլալով եկավ և, առանց գուդոկը տալու, ածելու պես կտրեց միլիցիոների կանգնած տեղը և իջավ ներքև։

Փողոցի շարունակությունն անցնելուց Լևոնի ընդհատված մտքերն էլ ծանոթ հունն ընկան։

Ասաքը շա՜տ է փոխվել... Այն տարին նրա երեսին ժպիտ չէր երևում, այժմ կենսուրախ է, անհոգ։ Գուցե այդ անհոգությունն է նրա նիհար մարմինը գերացրել, կլորացրել:

Տուն ունի, կին ունի, չորս երեխա... սենյակների ներսը խառնիխուռն, գրքերը երեխաների կոտրատված խաղալիքների կողքին, այստեղ այնտեղ մանր ու մեծ մահճակալներ, որոնց վրայից կախված են լաթեր, երեխաների սպիտակեղենը և ուրիշ շորեր, որ կինը չի հավաքում, երբ Լևոնը ներս է մտնում, որովհետև նրանից ոչ ոք չի քաշվում։

— Երևի երեխաները քնած են... Կիմիկը չէ՛ ...