Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղում էլ է կով սատկել։ Իսկ երեկոյան դեմ գզիրը կտուրներից ձեն էր տալիս, որ վաղը քաղաքից տավարի բժիշկ է գալու։

Պետին մեջքը դեմ էր արել գոմի դռան, հենվել մահակին, գզիրին էր լսում։ Միտն ընկավ Զառի աքոր խոսքը, թե՝

− Պետի, գեղի վրա փորձանք ա գալու։

Այդ իրիկուն նա բերանը մի պատառ էլ չդրավ։ Կոլոլվեց կարպետի մեջ և պառկեց հերվա չոր խոտի վրա։

Առավոտյան Պետին մոլորվածի պես էր։ Նրա կյանքի սովորական 10 ընթացքը խանգարել էր հանկարծակի երևացած ցավը։ Օրվա այդ ժամին նա շատ քիչ էր գյուղում եղել և անվարժ էր իրեն զգում, ման էր գալիս գոմից գոմ, ապրանքին էր նայում։ Իսկ ապրանքը գոմերի առաջ կապոտած բառաչում էր սարի կանաչ խոտի համար։ Եվ տավարի ամեն մի բառաչը ցավ էր ազդում Պետու սրտին։

Օրը ճաշ էր դարձել, երբ երկու պահակի հետ բժիշկը գյուղ եկավ։ Պետին տեսավ նրան ձիու վրա, պսպղան ակնոցները աչքին, փայլուն կոկարդը ճերմակ գլխարկի վրա։

Պետին տեսավ և ճանաչեց նրան։

20 Տավարը հանեցին գյուղի վերև, մի ընդարձակ կալ, կապոտեցին առաջուց պատրաստած բիհերից։ Տավարը նեղվում էր շոգից, բառաչում էր սարի կանաչի համար, իսկ տավարատերերը գլուխները կախ, ձեռները ծոցին կանգնել էին, ամենքն իրենց տավարի մոտ։

Եկավ և բժիշկը, պահակներին ուղարկեց, որ գոմերում փնտրեն, թե չկա՞ թաքցրած ապրանք։ Եվ պահակները որսի շան հոտառությամբ գոմերն ընկան։

Նրանցից մեկը, որ կես արշին բերան ուներ, մեկի գոմի դուռը բաց անելիս աչքին ընկավ չաղ աքլորը−աղբում քուջուջ անելիս։ 30 Տեսավ աքլորին, կես արշինանոց բերանը ջրակալեց ե թրով աքլորի մի թևը պոկեց, արնակոլոլ աքլորը խուրջինի մեջ կոխեց։

Տան տերը կանչեց, աղաչեց, բայց նա սպառնաց, թե