Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդերքում ոչ անձրևի տակ են եղել, ոչ մշուշն է նրանց լիզել:

Տները բարձր են, քարակառույց են, տները վիթխարի են։ Այստեղ սկսվում է մի նոր քաղաքի սահման:

Լևոնը կանգնել է սահմանագլխում... Ահա հին տունը, կավե պատեր, փայտե նովդանները ծռվել են։ Դարպասը կախվել է։ Ներսը գուցե մարդիկ դեռ արթուն են, բայց պատուհանները նեղ են, փոքր, ինչպես մութ զնդանի պատուհանը։ Ձայն չի լսվում ներսից, ոչ էլ ճրագ է երևում։

Ահա մի ուրիշը նոր տան կողքին... Քանդել են նրա բակի պատերը, ցանկապատը հանել են, և հազարավոր սայլեր, մեքենաներ այդ հին բակով կրել են ավազ, քար, ցեմենտ, տախտակ։ Կուչ է եկել հին տունը։ Նրա ճակատի կողմը երևում է խոր ճեղքը, կայծակի ձևով: Կարծես կնճիռի ծալք է: Երևի մեքենաների դղրդոցից, քարերի գետնին ընկնելուց հին տունը ճաք է տվել:

Իսկ այս մեկը շրջապատված է տաշած քարերի կույտով։ Ահա փողոցի մի մասը կտրել են տախտակներով և թողել են փոքրիկ դռնակ, որ վանդակի մեջ ընկած տան կենվորները երթևեկեն։ Ուրեմն այստեղ էլ պիտի կառուցեն։

Նոր քաղաքը հրում է: Բարձր տները նայում են քաղաքի մյուս մասերում անկարգ ցրված հատ ու կենտ նոր տներին և կարծես ձայն են տալիս սեղմելու, իրար միանալու և գետնի երեսից չքացնելու հողաշեն փլեկները։

— Այն փողոցը այս կողմերն է...

Լևոնը վերհիշում է ծաղկած ծիրանիների փողոցը: Նայում է վեր` Ասաքի բնակարանը դեպի վեր է... Մի քիչ տատանվում է և քայլերն ուղղում է ներքև։ Ինքն իրեն ասում. — Ես չեմ տեսել այն կողմի տները... Ու քայլում է, ձեռքերը գրպանը։ Քայլում է և չի