Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վանի մտքից Լուսիկի հետ կապված հիշողությունները։ Կուզենա, կգնա մի անգամ էլ ծանոթ փողոցը։

Բայց հիմա չկա ոչ պատը, ոչ այն տունը, որի պատշգամբի տակ հորդ անձրևին պահվել էին, իսկ Լուսիկը սառած ձեռքը կոխել էր նրա թևքի մեջ։

Լևոնը հասավ մինչև անկյուն։ Պատշգամբով տան տեղը սև քարից տուն էր, որի մի թևը մյուս փողոցի վրա էր շրջվում։ Նրա կողքին երկհարկանի տուն էր։ Այնտեղ ապրում էին։ Երևում էին թաղարի մեջ դրված տունկերը։ Նրանց կանաչ տերևները կպել էին լուսամատի ապակիներին։ Կարծես դժգոհում էին սենյակի օդից և կարոտում գարնանամուտի տաք մշուշը։

8

Երկհարկանի տան կողքին մշուշի մեջ ցցվում էին բարձր սյուները։ Սպիտակին էին տալիս հանգած կրի գուբերը։ Գետնից մի քանի մետր բարձրացել էր պատերի գլուխը։

— Մեծ տուն է...

Լևոնը տախտակների, քարերի արանքով մոտեցավ։ Մի փոքրիկ սանդուղք էր դրված։ Ցերեկը մշակները մեջքով քար են տանում, մինչև պատերը բարձրանան և սյուներից կախեն վերելակները։

Նա բարձրացավ սանդուղքով... Ու միտն ընկավ մի մոռացված դեպք, որ երբեք, երբեք չէր հիշել։ Ինչպես էր ընկել մտքից... Գնացել էին ձորի կողմը։ Ամառ գիշեր էր։ Այնքան թափառեցի՜ն... Լույսը բացվում էր, երբ իջան քաղաք։ Տների պատուհանները բաց էին։ Առավոտի այն ժամն էր, երբ գիշերվա տապը զիջում է հովին, և խոր քուն են առնում մանավանդ երեխաները:

Այսպիսի մի սանդուղք հենված էր հողե պատին: Լուսիկը խնդրեց բարձրանալ կտուրը: Ներքև լույս փողոցներն էին, կիսաքուն դռնապանները ավլում էին փողոցները, ջուր ցանում։