Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քայլում էր իր հանդարտ մտքերով և չէր զգում ո՛չ մշուշ, ո՛չ շաղ: Նա ռադիոյի երգը չլսեց: Ականջներում առաջվա առվի խուլ խոխոջն էր։

9

Լևոնը ծռվեց դեպի Սահակի տան կողմը։ Բեռնատար ավտոներ, որոնք շինությունների համար քար, ավազ էին բերում, այդ փողոցով էին անցնում։ Նրանց անիվները խոր ակոսներ էին գծել ցեխի մեջ։

Այդ փողոցով էին անցնում և գյուղերից եկող սայլերը, որովհետև հին ճանապարհը լայնացնում ու նորոգում էին: Հաղորդակցությունը գետի նման իր հունը փոխել էր և գլուխը շրջել այդ փողոցով:

Լևոնը գնում էր սայթաքելով, ոտքերն զգուշ կոխելով այն քարերի վրա, որ շարել էին ցեխի մեջ: Լապտերների լույսից ցեխն ու գուբերի պղտոր ջուրը փայլում էին խավար փայլով:

Վերը մութն էր: Տներն ավելի նոսր էին, լապտերները քիչ: Շուտով պիտի ծռվել... Արդեն երևում է այն տունը, որտեղ ապրում է Ասաքը... Լույսեր կան, ուրեմն քնած չեն:

Երեխաները պիտի աղմկեն։ Ասաքի կինը պիտի վառի պրիմուսը... Եվ նույնը պիտի ասի, ինչպես միշտ:

- Լևոն, լավ ես անում, որ կին չես առել... Մենակ ապրելուց լավը չկա...

Վերևը մութն էր: Մթնում լսվեց մտրակի շառաչ: Անիվներ ճռնչացին։ Մեկը բղավեց.

— Դենը պահի, դենը պահի...

Անիվները ճռնչացին։ Մի րոպե հետո մթնից դուրս եկան մի զույգ գոմեշներ։ Լապտերը լուսավորում էր նրանց հաստ ճակատները և սև եղջյուրները։ Մի քիչ առաջացան: Երևաց երկրորդ զույգը, բայց սայլը չկար... Ապա երրորդ զույգը, նույնիսկ զրնգաց շղթան, որով կապել էին իրար