Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լուծերը: Գոմեշները ուժ էին անում, ձգվում առաջ։ Նրանց ոտքերր աջ ու ձախ սայթաքում էին: Առաջի գոմեշը կընկներ, եթե լուծը չպահեր։ Մթնից մեկը դուրս թռավ և մտրակեց: Գոմեշը փնչաց:

— Ինչ են քաշո՞ւմ...

Լևոնը կանգնել էր քարի վրա և հետաքրքիր նայում էր։ Գոմեշները դանդաղ էին շարժվում։ Խավարի մեջ այնպես էր երևում, կարծես վերջ չունի նրանց շարքը և մի ահռելի ծանրություն գետնի մթին խորքից քաշում են լույս աշխարհ, քաշում են, և դեռ ծայրը չի պոկվել։

Գոմեշները կանգ առան։ Նրանք ձգում էին, լուծը սեղմում էր վիզը և խոր փնչոցով վիզը այս ու այն կողմ էին շարժում, բայց ծանրությունը ցեխից չէին կարողանում հանել։

Լևոնը մի քանի քայլ արեց։ Մի խումբ երիտասարդներ վազեցին գոմեշների վրա։ Մի քանիսը մոտեցան առաջին անիվներին։ Վերջին անիվները բավական հեռու էին: Նրանք առաջին անիվների հետ միացված էին հաստ գերաններով, որոնց վրա մի տարօրինակ բեռ էր: Կարծես փոքր շոգեմեքենա էր, խողովակը ջարդված:

— Արտա՛շ, քար դիր տակը, քար...

— Սպասի գոմեշները նաֆաս առնեն...

— Ի՞նչ էլ ցեխ է...

— Սրանց ցեխը մերից շատ է,— ասաց մեկը, որ հենվել էր գոմեշին։

— Ի՞նչ է էդ, ընկերներ,— հարցրեց Լևոնը։

— Սև «հաց», ընկեր,— պատասխանեց նա, որ կանգնել էր առաջի լուծի կողքին։

— Արտաշ, մի հարցրու տեղը... Բալքի իմանա,— մթնից կանչեց մի երիտասարդ։

Առաջին կանգնողը Արտաշն էր։ Եվ նա Լևոնից հարցրեց չգիտե՞ նա որտեղ են հանձնում հավաքած մետաղը։ Լևոնը մտածեց։ Իրենց պահեստի մոտ մի կիստվեր շենք կա: Նրա իմացածով այնտեղ են կիտում։