Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բժշկին կասի, որ ապրանքը փախցրել է ուրիշ գյուղ, սպառնաց և ահարկու բռունցքը մոտեցրեց գյուղացու քթին:

Մի գոմում գտան թաքցրած մի կով, դարմանով լի քթոցների ետև: Աղքատ մի տան միակ կովն էր, որ թաքցրել էին գոմի մութում բժշկի վախից:

Ամբողջ գյուղը հավաքել էր գյուղի վերև, տավարի մոտ:

Երբ պահակները վերադարձան գոմից հանած կովը առաջ արած, բժիշկը ակնոցների ետևից հերսոտ աչքերով նայեց գյուղացիներին և ինչ-որ բան ասաց, մատն էլ թափ տվավ:

— Չարանում ա, որ ապրանք են թաքցրել, -ասաց մեկը:

10 Հետո սկսվեց քննությունը, որին սրտաարոփ սպասում էին գյուղացիք: Նրանցից յուրաքանչյուրի սրտում ահ կար և կասկած, թե իր կովը կարող է հիվանդ դուրս գալ: Էլ պրծում չկար այն ժամանակ:

Բժիշկը սկսեց ծայրից: Մոտենում էր ամեն մի տավարի, նայում լեզվին, աչքերին, պոչի տակին, ձեռքով նշան էր անում պահակին, առողջը հիվանդից ջոկելու:

Պետին էլ էր այնտեղ: Կանգնել էր հեռուն, նայում էր բժշկին, կովերին, գյուղացոց: Ժխորի մեջ, ոչ ոք ուշք չէր դարձնում նրա վրա, ոչ ոքի մտքով չէր անցնում, որ Պետու սիրտը թրթռում էր, հենց որ բժիշկը մոտենում էր մի կովի և ավելի երկար սկսում զննել:

20 Իրիկնադեմին քննությունը վերջացավ: Տասներկու կով հիվանդ էին: Վառելուց բացի փրկության ուրիշ միջոց չկար:

Եվ պահակները շտապեցնում էին գյուղացոց, որոնք փոսեր էին փորում հիվանդ տավարը վառելու:

Շատերը լալիս էին: Հորթերը բակերում բառաչում էին, բառաչում էին և կովերը, ցավ կար և նրանց սրտում, որոնք բահ ու քլունգով արագ փորում էին խոր փոսեր: