Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հը՜,հը՜...

— Մարալին, Մարալին։

— Մարալ, հա՜...

Գոմեշները ձգվեցին, շղթան զրնգաց, անիվները ճռնչացին։ Լսվեց մի խոր տնքոց։ Տնքացին մարդիկ, անասունները, և առաջին անիվները գլորվեցին։ Լևոնի ձեռքերը խրվել էին անիվի ճաղերի ցեխին։ Նա մյուսների հետ մի կողմ քաշվեց, երբ անիվները դուրս ելան ցեխից:

Շարժվեցին գոմեշները...

Արտաշի հետ փողոցի մեջտեղով լուռ գնում էր Լևոնը, գնում էր ցույց տալու պահեստի տեղը, գնում էր Արտաշի հետ խոսելով, և երբ գոմեշները դժվարանում էին քաշել, նա հետ էր գալիս, անիվը հրելու։

Ոչ ցեխ կար, ոչ անորոշ կսկիծ...

* * *

Մաջիտա մայրիկը առավոտ կանուխ զարմացած նայում էր Լևոնի շինելին, որից գիշերը ջուր էր կաթկթել հատակին։

— Էս կանգար չամուռ... գյորի կնացե գիշերը մեր տղեն։

Եվ գլուխը խորհրդավոր շարժեց։

Դուրսը արև էր, ինչպես նա գուշակել էր։ Արևի ճառագայթների մի խուրձ պատուհանից ներս էր ընկել և ժամացույցի սլաքի նման շարժվում էր խալու վարդերի և նուռերի վրայով։

Լևոնը խորը քնի մեջ էր։ Թախտի առաջ ցեխոտ սապոգներն էին։ Նա ուշ էր վերադարձել ու չէր հանվել։ Վերարկուն էր քաշել վրան։

Արևի ճառագայթները, երբ վարդերի վրայով սահեին ցած, պիտի խաղային նրա ունքերի և արտևանունքների հետ, և Լևոնը պիտի զարթներ։