Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կտուր բարձրացավ և երեսն nւրիշ թաղի կողմ դարձրեց: Շարմաղ բիբին չիմացավ էլ, թե զանգերն ինչպես լռեցին։ Դուռը ծածկեց։

— Չո՛ռ, բա՜յղուշ, հենց էս սհաթին էր...

Երբ Շարմաղ բիբին եկավ, տեղը նստեց, և Եփոն էլ, գդալը ծծելով, դատարկեց, Միկին քթի տակ, կարծես ինքն իրեն, ասաց.

— Էսօր խոտատեղ գնալիս, Սաքանի տղան էլ ասեց. .. Ես ասում էի սուտ կլինի։

— Ապի, յանի թագավորն էդքան ձի ինչի՞յա հավաքում,— հորը դարձավ անդրանիկ աղջիկը ութ տարեկան Շողերը:

— Ես ի՞մ, — ուսերը թոթվելով ասաց հայրը,— զորք ա, կռիվ ա, հանաք-մասխարա չի։

— Բ՛nւ բո՛ւ...

Չիմացան թե Եփոն տաք ապուրն էր փչում, թե իր զարմանքն էր արտահայտում: Միկու կինը պատառը կիսատ թողեց, մոտեցավ և սկսեց փոքրին կերա կրել։

— Մեր Չալկան չափումը կգա՞.— հարցրեց նա Միկուն։ Ամուսինը չպատասխանեց։

Չալկան նրանց միակ ձին էր, կարճլիկ ու գնդլիկ, կարմրագույն, պոչը երկար։ Երկու տարի էր, որ Միկին գնել էր, ավելի ճիշտ փոխել էր էշի հետ, վրան էլ տվել մի հորթ, մի կարպետ, երկու բեռ էլ ցորեն:

— Տուն եմ, քուլֆաթի տեր եմ, առանց ձիու հնար չկա,— ասել էր նա՝ ձին առնելիս: Ռւ տերն էլ բարի վայելեք էր մաղթել, ձիու հետ էլ հազար տեգից կապկապած կարկատած մի սանձ բաշխել Միկուն:

— Հայվանն էլ թարսի պես ջանով ա,— ասաց Միկին, փեշից հացի կտորտանքը խնամքով սփռոցի վրա թափ տալով։— Տարվա էս ժամանակ ձին էլ էդքան ջանո՞վ լինի: Հալբաթ էսպես պիտի լիներ...

Ասաց ու վեր կացավ, փափախի մորթուց ծղնոտները,