Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կկոցելով, իզուր էր փորձում մեծ ասեղը թելել Միկու գուլպաները կարկատելու։ Երբ դուռը ճռռաց, մայրը թողեց թել ու ասեղը և հարցրեց.

— Հաստատ ա՞…

— Բш հո սո՞ւտ չի …

— Ի՞նչ են ասում։

— Ասում են բոյը հաշիվ չի, թե մեջը սափ լինի, հիվանդ չլինի,— և դառնալով կնոջը,— ծեգին ենք գնալու, հաց ես շինելու, շինիր, կարող ա մի օր ուշանանք։

Եվ երբ կինը հացի տաշտին մոտեցավ, մայրը նստած տեղից ձայն տվավ․

— Մի քանի հաց էլ ավել շինի։

Միկին ինչ-որ բան էր փնտրում տան անկյունում ու, փնտրածը չգտնելով, հարցրեց մորը.

— Նանի, Չալկայի էն մեծ տոպրակը ո՞ւր ա, հետս մի քիչ դարման վեր ունեմ։

Շարմաղ բիբին վեր կացավ մեծ տոպրակի միջի բուրդը թափելու։

Քնելուց առաջ Միկին մի անգամ էլ գնաց գոմ: Պառավ կովը, այդ անսովոր այցից զարմացած, մինչև վեր կկենար ու որոճալով կմոտենար գոմի դռան, Միկին ձիու փալանն ու պարանները սարքեց, դրեց ախոռի մոտ և դուռը փակեց:

Երբ ճամփի պաշարը պարկի մեջ տեղավորելուց հետո կինը ճրագը հանգցրեց ու մութի մեջ շուլալվեց վերմակի տակ, Միկին մյուս կողքին դարձավ: Քիչ հետո կինը շշուկով հարցրեց.

— Բш էլ ճար չկա՞...

— Ի՞նչ ճար: Թե ջանին յարա լիներ... Հակառակի պես անիրավի մեջքը կասես խինայած լինի։

Կինը մի անգամ հանգ արեց խնդրելու, որ Միկին քաղաքից դոտկալի կտոր բերի, բայց չասեց: Տեղը չէր։

Եվ լռեցին: Այդ գիշեր շատ ուշ քնեցին։ Երեքով էլ լուռ էին, միայն երբեմն Շարմաղ բիբին կողքից կողք էր