Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դռան շեմքին կանգնել էր տկլոր Եփոն, պռոշ էր արել ու լաց էր լինում։

Միկին չլսեց։ Քիչ հետո իջավ ձորը, միացավ Սաքու տղայի և մի երկու ուրիշ ձիավորի հետ։ Մայրը վերադարձավ, գրկեց որդուն ու տուն մտավ։ Շարմաղ բիբին ու Շողերը կանգնեցին այնքան, մինչև ձիավորները դարիվերը բարձրացան և անցան սարի ետև:

Արևը նոր-նոր էր շողերով ողողում իր դիմացի սարի կատարը, երբ վերջին ձիավորը երևաց դարի վերի գլխին ու անհետացավ։

Ձիավորները սկզբում լուռ էին։ Ամեն մեկը իր մտքի հետ էր, նայում էր իր ձիուն, համեմատում հարևանի ձիու հետ և մտքում ծանր ու թեթև անում.

— Կտանե՞ն, թե չէ...

Գնում էին մեկ-մեկ, խումբ-խումբ։ Մեկը գրպանից պանիր հաց էր հանում, ուտում, մյուսը չիբուխը չիբուխի ետևից էր լցնում, երրորդն էլ՝ ոտները կախ արած, աչքը ձիու ականջներին, օրորվում էր ձիու հետ։

Բայց երբ արևը մի քիչ բարձրացավ, կարծևս լուռ ու մունջ ձիավորների սիրտն էլ բացվեց։ Ամենից առաջ խոսեց բրուտ Ավագի տղան՝ աչքը շիլ Իվանը։

— Այ մարդ, ես աստծուն ի՞նչ ասեմ... Ի՛մ աչքս քոռ արեց: Ձիս որ քոռ լիներ, ես էլ հո էտապով չէի գա... Մի քանիսը ծիծաղեցին: Սաքու տղան մտքում բարկացավ նրա վրա`

— Անդարդ շան որդի...

— Հրե՛ն, հրե՛ն… Հիբանի ձիուն տեսեք... կասես ղազախի ձի լինի: Հի՜բան, պրիստավը, որ քեզ էտ ձիով տեսնի, հավաաա, քեզ էլ հետը կավալեր տանի... - Ի՞նչ պակաս կավալեր ա որ...— ձայն տվավ մեկը:— էն օրը Քարուտի առվով մի թռավ որ, մնացինք արմացած։