Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մի տեսեք է՜... Տերտերն իրա ձին ժամհարին ա տվել: Այ՜ ինչ եմ ասել ախպերության, — խոսքը փոխեց բրուտի տղան:

— Ա՞, քի՛չ յավա-յավա խոսիր, է՜յ... — կանչեց Շուղունց Աքելը, որ գյուղում ավելի անունով հայտնի էր, որպես «Աղվես խեղդող», ջահել ժամանակ սրում ձեռքով մի աղվես բռնելու համար: — Տերտերը հիվանդ տեղով կարող ա՞ ձին նստի:

— Դե ասի մնացել ա, որ աղոթք անի էլի՜, — ասաց մի ուրիշը:

Ընդհանուր խոսակցությունից բացի, ձիավորների մեջ մասնակի զրույց անողներ էլ կային: Ոմանք ճանապարհն աննկատ անցնելու համար հարևանին մի պատմություն էին անում, ոմանք էլ խոսում էին պատերազմի դաշտից եկող լուրերի մասին:

— Մեր Անդրին անցկացած շաբաթը մի նամակ էր ուղարկել Վարշավու կողմերից, — պատմում էր Գիլանց Մուքին, — լավ չի գրում, ասում է՝ էս ա մի ամիս ա մի ծմակի մեջենք, թոփերը տրաքում են, մինչև անգամ չոլ դուրս գնալն էլ ա երկյուղալի...

— Իմ հորեղբոր Սիմոնն էլ ա գրել. լազարեթից ա գրում, համա տեղը հայտնի չի: Մի տեսակ անուն ա տալիս... Էն օրը տերտերը ինչքան ման եկավ գրքերում, չգտավ: Ասում ա էդպես քաղաք Ռուսեթու հողումը չկա:

— Նրա ի՞նչն ա որ...

— Ոտիցն ա կպել: Գրում ա որ ծանր չի, մի ամիս օտպուսկ են տալու:

— Աքել ամի, դու երկիր տեսած մարդ ես, էս կռիվն ի՞նչ տեղ կկտրի, — դարձավ նրան բրուտի տղան: Շատերը ծիծաղեցին, ինքը Աքելը մրթմրթաց.

— Անհամ անհա՜մի տղա...

Նրա տեսած երկիրը գյուղի սարերն էին և շրջանի կենտրոնը, ուր նստում էր պրիստավը:

Քիչ հետո խոսք ընկավ ձիերի պետական գնի մասին: