Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Թեկուզ անունը փող, ի՞նչ կառնվի դրանով...

— Երկու բեռ գարի...

— Էդ էլ չես առնի:

— Դե գոնյա գինը տային...

— Տային էլ, ո՞րտեղից ես ձի առնում: Մեր գյուղից որ էսքան ձի են պահանջել, բա դու տես սաղ մհալից քանի՜սն են բերելու...

— Ա՛ տղա, էս հո մի կարգին պոլկ ենք... — ասաց բրուտի տղան և բարձր կանչեց՝

— Սլուշա՜յ... Ափիցեր Աքել Շուղունցով...

— Ա՜, հերիք ա, քիչ տնազ տուր Աքել ամուդ:

— Աքել ամիս նեղանալ չի... դե մի շարքով գնացեք, տեսնեմ ով ա ետ ընկել,— ասաց շիլ Իվանն ու ձին ճանապարհից հանեց:

— Հաշիվը թամամ ա: Աբրհամի ձին չկա, էնա բազարում, Իսախանենց ձին՝ ոտը գելը ցրիվ ա տվել, մեկ էլ Կոստանդ խազեյնի սիպտակ ձին...

— Վախիլ մի․ Կոստանդը հիմա հլա քնած ա, ձին էլ ոսկի գարի յա ուտում: Վեր ա կեն ալու, եղ ու մեղր ուտի, հին թամքի և Կաթնաղբյուրում մեզ հասնի: Նա հո քու թայը չի՞.— ասաց Դիլանց Մուքին:

— Մի հաշիվ չի՞… էս գլխից հենց նրա ձին են տանելու,— ասաց Միկին:

— Իշտահ պահի,— պատասխանեց Իվանը,— քու Չալկադ պերվի նումերը հանելու ա, Շարմաղ հորքիրն ինչքան ուզում ա թող լաց լինի:

— Ուրեմն Կոստանդի սիպտակ ձին ու Չալկան մի հավասարի է՞ն... Բա նա Ռահիմ բեկին մի բեռը ոսկի յա տվել, սիպտակ ձին առել. Ես ի՞նչ եմ տվել՝ մի կաղ էշ, մի կարկատած կարպետ:

— Էս ա սև ու սիպտակը կջոկվի,— ասաց բրուտի տղան և խոսակցությանը վերջ տալու համար սկսեց պատմել, թե ինչպես հարևան գյուղից մի զինվոր ֆրոնտից նամակ է ուղարկել և նամակի մեջ էլ գրել, որ ինքն