Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Տեսնես ինչ մեծավոր ա նստելու: Ամենաքաշը գեներալ կլինի:

— Վրան նստողը պակաս գեներալ չի...

Կոստանդը, երբ ձիավորներին հասավ, սանձը ձգեց, մի կերպ ձիուն պահեց: Կապույտ քրտինքը փրփուր էր դիզել նրա մարմար մորթու վրա։ Ձին փնչացնում էր, ոտքերը դոփում:

— Դուրս գալդ մի սհաթ կլի՞, Կոստանդ,— հարցրեց Շուղունց Աթելը:

— Սհաթի չեմ նայել... մինչև դուք ձիերը նստեք, ես բազար կհասնեմ։ Չեմ էլ կարողանում պահեմ, ձեռքերս կոտրվեց...

Բրուտի տղան կամացուկ ասաց՝

— Տուր ինձ, ես պահեմ...

Կոստանդն ուզեց ինչ-որ բան ասի. սանձը մի քիչ թուլացրեց, սպիտակ ձին զգաց այդ և տիրոջ խոսքը կիսատ թողեց։ Ձիավորները սպիտակ ձիու թողնելը տեսան... Մի ակնթարթից հետո ձին պահվեց սարի ետև։

— Այ հրեղեն ձի սրան են ասել...

Քիչ հետո գյուղացիք քաշեցին ձիերն ու ճանապարհ ընկան:


Շրջանի կենտրոնը մի բազմամարդ ավան էր, որի մեջտեղն ընդարձակ հրապարակն էր, չորս բոլորը փոքրիկ կրպակներ։ Երբ ձիավորները հասան, ասեղ գցելու տեղ չկար։ Փողոցներում, արտերի միջնակներում, տների բակերում և հրապարակներում այդ օրը ձիուց բացի ուրիշ անասուն չկար։

Հազար գույնի ձիեր՝ որձ ու էգ, ծանրած, մեծ ու փոքր քուռակներով, թամքած ու փալանած, կապոտել էին՝ որը մի քարից, որը մի ծառից կամ գետնին խրած բիհրից կամ թե իրարից։ Մեկի առաջ խոտ էր, մեկէլինը՝ դարման, երրորդինն էլ՝ ոչ դարման և ոչ խոտ։ Քաղցած ձիերը պոկոտում էին չորացած, հազար սմբակներով տրորված խոտը: Ձիերն իրար հետ կռվում էին. ամեն