Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անկյունից վրնջոցի ձայն էր լսվում. ձիերի բազմության մեջ քուռակն իր մորն էր կորցնում, արծաթահնչյուն վրնջոցով վազում, մռութը մոտեցնում ուրիշ մատակի պտուկներին։ Որձաձիերը պոկոտում էին կապերը և ամեհի վրնջոցով հալածում մատակներին, աքացի տալիս, իրար կծոտում, արնոտում:

Եվ այդ ժխորին խառնվում էր տերերի կանչն ու աղմուկը, հարայ-հրոցն ու բղավոցը։ Հայ, թուրք խառնվել էին իրար։ Զինվորական հրամանը բոլոր գյուղերումն էլ կրկնվել էր նույնությամբ, և հազարավոր բակերից, գոմերից կածաններով ու արահետներով ձիերը քշել, հավաքել էին շրջանի կենտրոնը։

Հրապարակի մի անկյունում, տախտակներից շինած փոքրիկ բարձրության վրա մի երկար սեղան էր դրված, որի շուրջբոլոր նստել էին պաշտոնյաները։ Դեպի այդ խմբակն էր ուղղած բոլորի աչքերը, որովհետև այդտեղ էին որոշում ձիու և ձիավորի բախտը։

Գյուղի տանուտերը կարդում էր ձիավորի անունը, բազմության միջից մեկը, ձիու սանձը բռնած, առաջ էր գալիս, ինչպես կրկեսում՝ ըմբիշը։ Ձիուն մոտենում էին մի քանի հոգի, տնտղում, ատամներին նայում և ապա թղթի վրա ինչ-որ նշաններ անում: Մի վայրկյան խորհրդակցելուց հետո՝ պրիստավը ձեռքով նշան էր անում։

Ահա այդ նշանն էր, որ հայտնի էր դարձնում ամեն ինչ։ Եթե նշանը բազմության կողմն էր, ուրեմն ձին անպետք է, տերը վախվխելով, ուրախությունից դողացող ոտքերով քաշում էր ձին, հեռանում։ Իսկ եթե նշանը տախտակների մոտ կանգնած ռուս զինվորներին էր ուղղած, ապա նրանք իսկույն մոտենում էին, նոր սանձ գցում ձիուն, հինը շպրտում տիրոջ կողմը, մի քիչ հեռացնում և իսկույն պոչը միահավասար կտրում, բաշը կարճացնում և բաշի մազերից կախում տախտակի մի փոքրիկ կտոր։

Ձիավորն ընդմիշտ պիտի հեռանար ձիուց, որին տանում, կապում էին ընդունած ձիերի շարքում, մի երկար ու