Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էին կապած։ Ինչքան հեռանում էր, այնքան ավելի էր սանձի ծայրով Չալկային մտրակում: Բեզարած ձին մի քիչ քայլերն արագացնում էր, իսկ երբ Միկին դադարում էր մտրակելուց, դարձյալ քայլում էր բեռան տակ մեծացած, գյուղական ձիու դանդաղ քայլերով։

Ավանի վերջին տունն էլ ետ մնաց։ Միկին նեղ ճանապարհով, կարտոֆիլի թաղերի արանքով ծռեց դեպի աջ, ուր ձորակի միջով հոսում էր բարակ գետակը: Չալկան զգաց ջրի մոտ լինելը, քայլերը արագացրեց:

Ձորն իջնելուց առաջ Միկին մի անգամ էլ ետ նայեց, տեսավ, որ ոչ ոք իրեն չի նկատել։ Ու հենց Չալկան գլուխը կռացրեց ջրի վրա թե չէ, Միկին իջավ, սանձը շատ մոտ կապեց Չալկայի առաջին ոտքից, պարանով էլ մյուս ոտքերը կապեց ու սկսեց արձակել փալանի կապերը։

Չալկան ջուր խմելուց հետո փորձեց գլուխը վեր հանել, չկարողացավ։ Եվ մռութը լուռ ու մունջ նորից կախեց դեպի սառը ջրին։

Միկին արագ շարժումով փալանը դեն գցեց, կռացավ ու վերցրեց մի չեչաքար։ Երբ առաջին անգամ Միկին չեչաքարը Չալկայի մեջքին քսեց, ձին հովություն զգաց, խաղացին նյարդերը, կաշին դողդողաց:

Հանկարծ մեջքին ծակծկոց զգաց: Չալկան փորձեց հեռանալ, չկարողացավ, ոտքերն ասես պինդ մեխված լինեին։ Ցավը գնալով շատանում էր, միսը կտոր-կտոր պոկոտում էին:

Միկին չեչաքարը տանում բերում էր ձիու մաշկի վրայով։ Մի քանի վայրկյանում մեջքը մաշկահան եղավ, քարն արնոտվեց։

Ձին տնքում էր, պոչն ուժգին խփում, բայց չէր օգնում։ Միկին քարը հա քսում էր, տնքում: Արյան կաթիլները նոր բացված վերքից դուրս էին ցայտում, իրար միանում և բարակ առվով կախվում, կաթկթում ջրի մեջ։

Չալկան էլ չդիմացավ, պառկեց կողքի վրա, բայց Միկին չէր հեռանում: Ու պառկած տեղն էլ քարը քսում էր,