Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քթի տակ մրթմրթում։ Վերջապես դադարեց, քարը շպրտեց ջրի մեջ։

Միկին մի պահ վախեցավ, արյունը գնալով շատանում էր.

— Չլինի տամար տրաքեց...

Չալկայի աչքերի առաջը մթնեց։ Պառկել էր և ցավից փնչացնում էր: Միկին բռով լի ջուր էր վերցնում, վերքը լվանում։ Քիչ հետո Միկին Չալկայի կապերն արձակեց, ձին ոտի կանգնեց:

Նրա մեջքի աջ կողմին մի ափսեի չափ վերք էր բացվել, երևում էր Չալկայի կարմիր միսը, տեղ-տեղ փոս ընկած, ճաքճքած: Արյունը դեռ գալիս էր, բայց մի քանի տեղ արդեն լերդակալել էր։

Միկին արյան հետքերը լվաց, շտապ փալանեց Չալկային ու ձորով բարձրացավ։ Չալկան հազիվ էր կարողանում քայլերը փոխել։ Միկին ինչքան էլ մտրակում էր, ոտքով փորին խփում, կանչում, Չալկան քայլերը չէր արագացնում: Ականջները կախ, մերթ տնքալով, գնում էր փողոցով, դեպի հրապարակ։

Միկին յուրայիններին թողած տեղը չգտավ։ Հարևան թուրքերն ասացին, որ հենց նոր նրանց կանչել են։ Բազմությունը հրելով, ետևից Չալկային քարշ տալով, Միկին հասավ հրապարակ, որի մի անկյունում խռնվել էին՝ շիլ Իվանը, Գիլանց Մուքին, Սաքու տղան և մյուսները։ Պիսերը կարդում էր անունները.

— Այ մարդ, ու՞ր կորար, քիչ մնաց քեզ շտրաֆ անեին: Ասեցինք հրես կգա։

Ամենից առաջ Շուղունց Աքելի անունը կարդացին: Դողդողալով առաջ անցավ և մի անգամ միայն ետ նայեց: Այնքան գունատվե՜լ էր...

Եկան, մոտեցան։ Ու մեկ էլ այն տեսան, որ զինվորները վրա տվին, փալանն արձակեցին և շպրտեցին Աքելի կողմը։ Ոչ մի խոսք չասաց Աքելը, երբ քիչ հետո ձիու