Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փալանը շալակին վերադարձավ։ Եվ երբ բրուտի տղա շիլ Իվանը սրախոսեց.

— Ափիցեր Աքել Շուղունցով,— ոչ ոք չծիծաղեց, Իվանի ժպիտն էլ ծռմռվեց, դարձավ կսկիծ։

Հետո Ռուստամենց ճակատը սպիտակ ձին տարան։ Գնաց և տերտերի ձին։ Ժամհարն եկավ, գլուխը կախ:

— Հիմա ես տերհորն ի՞նչ պատասխան եմ տալու։ Չորրորդ հերթը Կոստանդինն էր։ Գյուղացիք զարմացան, երբ նրա անունը կարդացին, որովհետև Կոստանդը նրանց մեջ չկար։ Շիլ Իվանը նկատեց, որ սեղանի շուրջը նստողների մեջ ինչ-որ փսփսոց ընկավ: Ու հանկարծ հրապարակի մյուս կողմից երևաց Կոստանդը՝ լղար, մեջքը փոս ընկած, մոխրագույն մի ձի ետևից քաշ տալով։ Չնայեցին էլ, ձին ետ տվին։ Կոստանդը դուրս եկավ հրապարակից:

Գյուղացիք մնացել էին սառած, ապշած, Շուղունց Աքելն ուզեց խոսի, բայց լեզուն չորացավ, կապ ընկավ։ Բրուտի տղան մոտեցավ Միկուն, թե՝

— Տեսա՞ր, ես որ ասում էի՜...

Բայց Միկին չլսեց: Նրա ականջովն ընկավ իր ազգանունը, և Չալկան ետևից քաշ տալով, մտավ հրապարակ։

Երբ եկան, փալանը վերցնել տվին, որ նայեն, մի ակնոցավոր ռուս, քիթը վեր քաշելով, կռացավ, վերքին նայեց.

— Չտարան, — անցավ Միկու մտքով։ Բայց հանկարծ ռուսը ետ դառավ, Միկու վրա մատը թափ տվավ։ Միկին դողաց, գունատվեց ու թուլացած նստեց փալանի վրա:

Չալկային տարան։ Միկին տեսավ, ինչպես ձիու երկար պոչը կտրեցին։ Ու դրանով աչքին այնպես երևաց, ասես իր ձին մեծացավ, դարձավ ղազախի ձի։

Մի մարդ գոռաց վրան։ Միկին սթափվեց, ոտքի կանգնեց և փալանն առավ, դուրս եկավ...


Արևը թեքվել էր արդեն, երբ գյուղացիք ճանապարհ ընկան։ Ազատվել էին միայն ութ ձի, որոնց վրա և բարձել