Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բնագրային տարբերակներ բաժնում, ինչպես նախաբանում է ասված, ներկայացված են Բակունցի մի շարք երկերի այն նախնական խմբագրումները, որոնց տարբերությունները վերջին խմբագրումների համեմատ այնքան շատ չեն, և հնարավոր է այդ տարբերությունները բնագրերից անջատել ու առանձին-առանձին, հերթականությամբ ներկայացնել:

Բնագրային այդ տարբերակները հիմնականում արտահայտությունն են երկերի վրա հեղինակի կատարած գրական և լեզվաոճական աշխատանքների: Բերված են այդ կարգի մեծ թե փոքր տարբերությունները՝ սկսած ամբողջ պարբերությունների հեղինակային կրճատումներից ու նորերի ավելացումից, մինչև մի շաղկապի կամ որևէ բառաձևի փոփոխումը:

Բաժինը ավելորդ ծանրաբեռնվածությունից զերծ պահելու նկատառումով չենք ներկայացրել բնագրային այնպիսի տարբերություններ, որոնք բնագրի վրա հեղինակի կատարած աշխատանքի արդյունք չեն կամ, եթե հեղինակային են, բնավ հետաքրքրական չեն գրողի ստեղծագործական, լեզվական աշխատանքը դիտելու տեսակետփց: Այդպես.

ա) Չեն ներկայացված նույն երկի տարբեր բնագրերի միջև եղած կետադրական տարբերությունները, այդ թվում վերջակետերի փոփոխությունները, օրինակ, «Մթնաձոր» պատմվածքի առաջին տպագիր տարբերակում ունենք. Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը: Քիչ է ասել կուսական ու վայրի: Երկրորդ տարբերակում («Մթնաձոր» ժողովածու) նույնը դարձել է. Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Այս և նման տարբերությունները, առնչված կետադրության փոփոխման հետ, չեն նշված։

բ) Նշված չեն ուղղագրական տարբերությունները, բացի այնպիսիներից, որոնք ոճական արժեք ունեն։ Բնականաբար, չեն ներկայացված բնագրերի այնպիսի տարբերությունները, որոնք պայմանավորված են վերջին 50—55 տարիների ընթացքում հայերենի ուղղագրության մեջ կատարված փոփոխություններով։ Դրանք նախ 1922 և 1940 թթ. օրենսդրական փոփոխությունների հետ առնչված տարբերություններն են և ապա նաև ուրիշ, զուտ ուղղագրական բնույթի տարբերություններ. օրինակ, «Մթնաձոր» շարքի պատմվածքների նախապես մամուլում տպագրված բնագրերի մեջ գործածված են ձմրան, ամրան, գրան ձևերը, որոնք առկա են նաև «Մթնաձոր» ժողովածուի տպարանային ձեռագրերում և մեքենագիր օրինակներում, բայց տպագրված ժողովածուի մեջ փոխված են ձմռան, ամռան,