Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նշանը համապատասխանաբար դրված է այդ հանված կտորների փոխարեն։

3) Եթե հիմնական բնագրում նախնականի համեմատ ծավալուն հատված է պակասում, տողահամարից հետո տրվում են հիմնական բնագրի այն բառերը կամ բառը, որոնցից (որից) հետո նախորդ տարբերակում առկա՝ հետագայում հեղինակի կրճատած հատվածը. այդ բառերից (բառից) հետո դրվում է գծիկ և բերվում հիմնական բնագրի մեջ բացակայող և տարբերակում առկա խոսքը Ինչպես, օրինակ

Էջ 131

21 ասաց նա բառերից հետո — թեկուզ ինքն էլ չէր տեսել (ԽՀ)։ Նշանակում է հատորում հիմնական բնագրի 131-րդ էջի, 21-րդ տողում «ասաց նա» բառերից հետո չկա «թեկուզ ինքն էլ չէր տեսել» հատվածը, որը առկա է սկզբնական տարբերակում՝ տպագրված «Խորհրդային Հայաստան» օրաթերթում:

4) Եթե հիմնական բնագրի որևէ ծավալուն հատված բացակայում է համեմատված սկզբնական տարբերակում, տողահամարից հետո բերվում է հիմնական բնագրի այդ հատվածը (կամ նրա մի մասը՝ շարունակության վերաբերյալ տրված ծանոթագրությամբ) և նշվում, որ տարբերակում այդ հատվածը չկա: Ինչպես, օրինակ.

Էջ 37

7 Նրան գյուղ տարան բառերից հետո մինչև վերջ (էջ 38, տող 7)—ՆԱ-ում չկա

Նշանակում է ներկա հատորի 37-րդ էջի 7-րդ տողի «Նրան գյուղ տարան» բառերից հետո եղած ընդարձակ հատվածը մինչև պատմվածքի վերջը (մինչև հաջորդ' 38-րդ էջի 7-րդ տողը) չկա պատմվածքի սկզբնական տարբերակում, որ հրապարակված է «Նոր ակոս» շաբաթաթերթի համապատասխան համարում։

«Բնագրային տարբերակներ» բաժնում նախնական տարբերակների մոտ նշված են Բակունցի երկերի բնագրային զանազան աղբյուրներ, նաև երկերի մի շարք հրատարակություններ։ Դրանց մի մասը նշված է հապավումներով: Երկերի այդ հրատարակությունների մանրամասն ցուցակը և հապավումների ցանկը տրված են Ծանոթագրություններ բաժնի սկզբում։ Այժմ օգտվողին դյուրություն ընձեռելու նպատակով կրկնում ենք այն հապավումները, որոնք գործածված են այս բաժնում. ԱԺ- «Անձրևը» ժողովածու, ԽՀ- «Խորհրդային Հայաստան» օրաթերթ, Մ- «Մարտակոչ» օրաթերթ, ՄԺ- «Մթնաձոր» ժողովածու, ՆԱ- «Նոր ակոս» շաբաթաթերթ, ՍՑՍԳ- «Սև ցելերի սերմնացանը» գրքույկ, ՍՑՍԺ- «Սև ցելերի սերմնացանը» ժողովածու, ՏԶ֊ տպարանային ձեռագիր (որից շարվածքն է կատարվել), ՏՄՕ֊ տպարանային մեքենագիր օրինակ (դարձյալ շարվածքի համար օգտագործված)։

Յուրաքանչյուր երկի բնագրային աղբյուրների և հրապարակումների մասին մասնավոր տեղեկությունները տրված են երկերից ամեն մեկին նվիրված ծանոթագրության մեջ։ Ուստի բնագրային տարբերակի մոտ նշված աղբյուրի մասին տվյալները (գտնվելու վայրը, բնույթը, եթե տպագիր է՝ պարբերականի թվականն ու համարը և այլն) պետք է իմանալ ամեն մի պատմվածքին նվիրված ծանոթագրությունից: