Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/561

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
«ՄԹՆԱՁՈՐ» ՇԱՐՔ

Ներկա հատորի համար այս շարքի պատմվածքներից 14-ի հիմնական բնագրերը կազմված են ըստ «Մթնաձոր» պատմվածքների ժողովածուի, երեքինը՝ըստ «Սև ցելերի սերմնացանը» և մեկինը ըստ «Անձրևը» ժողովածուների (տե՛ս «Մթնաձոր» շարքի ծանոթագրությունները)։


Ըստ «Մթնաձոր» ժողովածուի կազմված հիմնական բնագրերից տասը ունեն տարբերակներ. դրանք նախքան ժողովածուի լույս տեսնելը մամուլում կատարված հրապարակումներն են։ Դրանց հետ համեմատել ենք պատմվածքների հիմնական բնագրերը, և ստորև ներկայացված են եղած տարբերությունները։ Հիմնական բնագրերը համեմատել ենք նաև «Մթնաձոր» ժողովածուի տպարանային բնագրերի (ձեռագիր, մեքենագիր, լրագրային կտրոն) հետ և եղած տարբերությունները նշել։ Մամուլում նախնական հրապարակում չունեցող պատմվածքներից մեկի («Լառ Մարգար») «Մթնաձոր» ժողովածուի մեջ տպագրված փոփոխակը որոշ տարբերություններ ունի տպարանային ձեռագրի համեմատ, և վերջինս պայմանականորեն դարձել է պատմվածքի նախնական տարբերակ։

«Մթնաձոր» ժողովածուի մեջ տեղ գտած պատմվածքներից երեքի համար իբրև տպարանային բնագիր ծառայել են «Խորհրդային Հայաստան» լրագրից հանված կտրոնները՝ հեղինակային (ինքնագիր) խմբագրումներով։ «Մթնաձոր» ժողովածվում այդ պատմվածքները տպագրվել են հիշյալ խմբագրումներով: Ուստի բնագրային տարբերությունների ցանկում լրագրային կտրոնների վրա հեղինակի կատարած ամեն մի փոփոխություն տեղ է գտել թեք գծից ձախ՝ իբրև հիմնական բնագրի տարբերակ․ Թեք գծից աջ տրված է նույնի լրագրային (նախնական) տարբերակը։

Սակայն մի շարք դեպքերում պատմվածքների՝ «Մթնաձոր» ժողովածուի տարբերակի և լրագրային բնագրի միջև այնպիսի տարբերություններ կան, որոնք լրագրային կտրոնի վրա եղած հեղինակային խմբագրումների արդյունք չեն։ Դա նշանակում է, որ փոփոխությունը կատարվել է ժողովածուի տպագրման ընթացքում։ Նման դեպքերի համար, հիմնական և նախնական (լրագրում տպված) բնագրերի տարբերությունները նշելիս, լրագրային տարբերակի կողքին ԽՀ պայմանական նշանից հետո գրված է՝ ուղղված չէ (այսինքն՝ լրագրային կտրոնի վրա տվյալ տարբերությունը պայմանավորող ուղղում չկա)։