Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Իր օրում հրացանից չէր կրակել, նա իսկի ձեռք էլ չէր տվել։ Պետին շատ ուզեց հրացան չառնի, բայց ստիպեցին։ Վաշտապետը հերսոտեց, ոտը գետնին խփեց, Պետին էլ վախից տապ արավ, համաձայնեց։ Գյուղը վախ ուներ, թե կարող էին տավարը սարից փախցնել։

Ծիծաղում էին, երբ մի քանի ջահել սովորեցնում էին Պետուն հրացան բանեցնել։ Պետին վախվխելով ձեռք տվավ հրացանին, ձեռքը ետ քաշեց, կարծես կրակ էր, այրեց։ Եվ հրացանը մահակի պես ձեռքն առած ամեն օր նախիրը սարն էր տանում։

Իր մտքում նա ավելորդ էր համարում հրացան առնել։ Սարում նրան բոլորն 10 էլ գիտեին, քանի ուրիշ հովիվ է եկել, միասին աղբյուրի մոտ հաց են կերել։ Պետին խոր համոզում ուներ, թե իր ճանաչը երբեք չի կրակի, տավարի չի մոտենա։

Շատ անգամ էլ, երբ հրացանի ծանրությունը նեղացնում էր նրան, գյուղից հեռանալուց հետո մի քարի տակ պահում էր հրացանը և գյուղ դառնալիս էլի հանում, ձեռքին բռնում։

Երեխաները ծիծաղում էին նրա վրա.

− Պետի, քանի՞ մարդ ես սպանել։

− Պետի, բա զորքդ ո՞ւր ա...

Երբեմն Պետուն թվում էր, թե վաշտապետը դիտմամբ է զենք տվել, որ ծաղր 20 անեն, ծիծաղեն։ Այդ մտքից նեղանում էր, կոտրվում և քաշվամ գոմի մի անկյուն, որ մարդ չտեսնի։

Լուսաբացին, երբ Պետին աղբյուրի մոտ երեսն էր լվանամ, իսկ կովերը հավաքվում էին աղբյուրի մոտ, Պետուն ասացին, որ ինքը սարում պիտի դիրքեր փորի։ Նախիրն այդ օրը գյուղում պիտի մնար։

Պետին շփոթմունքից մոռացավ երեսը փափախով սրբել։ Ջուրը ծլլում էր դեմքից։ Մի պահ մտածեց, ուզեց հրաժարվի, բայց հիշեց, որ վաշտապետը ոտը էլի գետնով կտա։