Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/608

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չեն նշված նաև ուղղագրական առանձին հին ձևեր արդիացնելու դեպքերը։ Օրինակ, հաջոց-ը փոխված է հաչոց-ի կամ արձագանգ-ը արձագանք-ի և այլն, որոնց մասին նշումներ չեն արված ծանոթագրություններում։

Չեն նշված ուղղագրական շատ ակնհայտ անճշտությունների և վրիպակների ուղղումները, ինչպես՝ թրթուռ-ը թրթուր, թավագլոռ-ը թավալգլոր, պայտառ-ը պայտար դարձնելը և այլն։

Հիմնական համարված բնագրերում ուղղագրական և կետադրական ճշգրտումներ կատարվել են միայն ծայրահեղորեն անհրաժեշտ թվացող դեպքերում, երբ բնագրում եղած այս կամ այն ձևը ուղղագրական սխալ է դիտվել կամ չափազանց հնացած։ Օրինակ, իբրև հիմնական ընդունված բնագրերի մեջ հեղինակային խոսքում կան ուղղագրական որոշ բարբառայնություններ, ինչպես՝ քցել, զգուշ, աշխուժ, սառուց և այլն։ Եթե դրանք ոճավորման դեր չեն կատարում, փոխված են գրական ուղղագրության ձևերի (գցել, զգույշ, աշխույժ, սառույց). նկատի է առնված, որ տպարանային ձեռագրերում և մեքենագիր օրինակներում, ինչպես նաև երկերի նախնական որոշ հրապարակումներում հեղինակային խոսքի մեջ այդ նույն բառերը հիմնականում գործածված են գրական ուղղագրությամբ։ Այս կարգի ուղղումները նշված են ծանոթագրություններում։

Այլ խմբագրումներ բաժնում ներկայացված բնագրերի մեջ աշխատել ենք բարբառային, ինչպես և որոշ հնացած ուղղագրական հեղինակային ձևերը պահպանել, այդպիսիք շտկել ենք հազվագյուտ դեպքերում՝ այդ մասին նշելով համապատասխան ծանոթագրության մեջ։

Մի շարք ուրիշ դեպքերում հիմնական բնագրերի մեջ ենք ձգտել պահպանել հեղինակային ուղղագրությունը, օրինակ, բուն բառը (թռչունի, կենդանու բուն) չենք ուղղել ըստ այժմ գործածվող ձևի՝ առհասարակ սխալ համարելով անցյալի հեղինակների բնագրերում այդ բառաձևը բույն-ով փոխարինելը։ Մեզ անհեթեթություն է թվում, օրինակ, Թումանյանի «էն ծառում փչակ, Փչակում մի բուն»-ը կամ «Անբուն կկուն» դարձնել «Փչակում մի բույն» և «Անբույն կկուն»։ Նույն կերպ, կարծում ենք, որ ճիշտ չեն վարվել Բակունցի երկերի հրատարակիչները (վերջին երկու տասնամյակում) հեղինակի գործածած բուն ձևը բայն-ով փոխարինելով։ Ներկա հրատարակության մեջ պահպանված է հեղինակի բազմիցս գործածած ձևը՝ Ցինի բունը․ ծառի փչակում բուն դրած և այլն։

Պահպանված է նաև, օրինակ, հեղինակային զորբա ձևը, որ պատմվածքի վերնագիր է, նաև բնագրերի ներսում մի շարք անգամ գործածված, և այժմ ընդունված գոռբա ձևով փոխարինելը (ինչպես արել են այլ հրատարակություններում), թվում է, զուտ ուղղագրական փոփոխում չէր լինի, այլ՝ ինչ-որ չափով նաև ոճական։ Սրանից տարբեր է զորել բայի հարցը, օրինակ՝ «բերանը չէր զորում մի բան ասելու» («Վանդունց Բադի»)։ Այս բայի ձևը նույնպես պահպանել ենք անփոփոխ, քանի որ տվյալ դեպքում սխալ կլիներ ր-ն ռ դարձնելը (զոռել այլ բայ է), և ճիշտ չեն որոշ հրատարակություններում արված այդպիսի փոփոխումները։