Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ մյուսների հետ ինքն էլ գնաց Այու սարի լանջին դիրքեր փորելու։

Գարնան ամպոտ օր էր։ Անձրևը մաղում էր մեղմ, խոնավության մեջ կար գարնան ծաղիկների, կանաչ խոտի բուրմունք։

Պետին հացը մի քարի տակ դրեց և տասնապետի ցույց տված տեղը սկսեց փորել։ Բավական հեռու մի ուրիշն էր փորում, նրա կողքին երրորդը, և այսպես գարնան ամպոտ մի օր Այու սարի ծաղկոտ լանջի վրա երևացին խրամատի գոտիներ։

Փորում էր Պետին անվարժ շարժումներով, և քրտինքը սնդիկի հատիկների պես գլորվում էր նրա ծաղկատար ճակատից։

10 Ամպերը մեկ էլ ետ քաշվեցին, գարնան արևը երևաց ամպի տակից, և բուրմունքն ավելի շատացավ։ Պետին թիկն տվեց մի քարի, նստեց հանգստանալու։

Հեռվում, այգիների մեջ թաղված քաղաքը դաշտի վրա օազիսի նման էր երևում։

Պետու ականջին հասավ կովի բառաչի ձայն, որ գյուղի կողմից էր գալիս։ Նա նայեց, բառաչի ձայնը մեկ էլ լսվեց։

− Ջա՜ն, մարալ, սոված ես մնացել,−ասեց ինքն իրեն և մտքում դրեց տավարն առավոտ կանուխ Այու սարի կողմը քշելու, ուր խոտը համեղ էր և առատ։

20 Թիկնել էր քարին, նայում էր դիմացի բլուրներին։ Արևի շողերի տակ ինչ-որ վեհություն կար Պետու չարքաշ, պղնձագույն դեմքին, փոս ընկած աչքերում անհուն բարություն կար և միամիտ սեր դեպի խոտը, կովը, ծաղկած սարերը։

․..Դիմացի բլուրի ետևից լսվեց հատ ու կենտ կրակոցի ձայն, Պետին ձգվեց հասակով մի, լսողությանը լարեց։

Եվ հանկարծ ընկավ խրամատի մեջ, ընկավ երեսնիվայր, թաց հողի վրա։ Այդպես ընկնում է խոտը կիսաչոր, երբ գերանդին սլլալով կտրում է ներքևից։