Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/613

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նշումները կատարվել են ժողովածուն (բացի բովանդակությունից) շարելուց հետո. և դրված էջահամարները լիովին համընկնում են տպադիր «Մթնաձորի» էջակալմանը։

Ձեռագիր ցանկում, այդպիսով, առկա է նյութերի դասավորության երկու տարբերակ։ Սկզբում հերթականությունը եղել է այսպիսին. 1 Վանդունց Բադին, 2. Զորբան, 3. Աքարում, 4. Այու սարի լանջին, 5. Ծիրանի տափ, 6. Միրհավ, 7. Հանավանք, 8. Գյուլբահարի համար, 9. Մինա Բիբին, 10. «Խաղլացավ», 11. Օրանջիա, 12. Մթնաձորը, 13. Մրոց, 14. Մթնաձորի «շարքը», 15. Խոնարհ աղջիկ, 16. Լառ-Մարգար, 17. Սաբու, 18. Ալպիական մանուշակ։ Այս դասավորությունը համընկնում է բնագրերի ընդհանուր էջակալմամբ նյութերի մեր վերականգնած նախնական հերթականությանը, միայն ավել է «Մթնաձոր» պատմվածքը և այլևս չկան ընդհանուր էջակալոլթյան այն երեք պակասները, որոնց տեղում ավելի առաջ ինչ-որ բնագրեր են եղել։ Այդ պակասներից մեկը, ինչպես ասվեց, բնագրերի ընդհանուր էջակալության (կապույտ մատիտով արված) 115-րդ էջն է։ Այն գտնվում է «Օրանջիա» և «Մրոց» պատմվածքների արանքում։ Իսկ վերը բերված տարբերակում այդ երկերի անունների միջև «Մթնաձորն» է։ Այստեղից կարելի է ենթադրել, որ 115-րդ էջահամարի տակ սկզբում եղել է «Մթնաձորի» լրագրային կտրոնը։

Այս ենթադրությունը լրացուցիչ հիմնավորման է կարոտ։ Բակունցի թղթերում մյուս լրագրային կտրոնների հետ պահպանված է նաև «Մթնաձոր» պատմվածքի մի կտրոնը՝ հանված «Խորհրդային Հայաստան» օրաթերթի 1926 թ. № 292-ից։ Բայց նրա վրա էջահամար չկա, չկան նաև հեղինակի ձեռքով արված ճշտումներ (որպիսիք կան «Զորբան», «Գյուլբահարի համար» և «Խաղլացավ» պատմվածքների՝ լրագրային կտրոնների վրա)։ «Մթնաձորի» լրագրային այդ կտրոնը և ժողովածուի մեջ տպագրված բնագիրը մի շարք տարբերություններ ունեն (տե՞ս «Բնագրային տարբերություններ» բաժնում)։ Նշանակում է այդ կտրոնը ժողովածուի բնագրերը կազմում երբեք չի եղել։ Գուցե «Մթնաձորի» լրագրային մի այլ կտրոն է եղել ժողովածուի նախնական կազմում, 115-րդ էջահամարի տակ։ Նրա վրա հեղինակը, թերևս, ճշտումներ է արել և հետո տվել մեքենագրելու ու այդպես ասպարեզ է եկել «Մթնաձորի» տպարանային մեքենագիր բնագիրը, որ ընդհանուր էջակալում չունի։ Չի կարելի, բոլորովին բացառել նաև այն հնարավորությունը, որ ժողովածուի բնագրերի նախնական կազմում 115-րդ էջահամարի տակ մի այլ պատմվածք է եղել, իսկ «Մթնաձորը» առհասարակ չի եղել ժողովածուի կազմում և ավելացվել է հետո։ Այժմ՝ ժողովածուի ցանկի տպարանային բնագրում կատարված հեղինակային ճշտումների մասին։ Ասացինք, որ ցանկում պատմվածքների անունները գրված են մանուշակագույն թանաքով։ Նույն մանուշակագույն թանաքով ջնջված է առաջին պատմվածքի («Վանգուց Բադին») վերնագիրը, և փոխարենը կողքին նույն թանաքով գրված է Օրանջիա: Ապա կապույտ թանաքով ջնջված է Օրանջիա-ն և փոխարենը, դարձյալ կապույտ թանաքով, գրված՝ Մթնաձոր, ընդ որում, նույն կապույտ թանաքով 12 համարի տակ ջնջված է. Մթնաձոր-ը և փոխարենը կողքին գրված Օրանջիա: