Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/615

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Մթնաձոր» շարքի պատմվածքների մի մասը («Խոնարհ աղջիկ», «Ալպիական մանուշակ», «Միրհավ», «Սաբու», «Մթնաձոր», «Վանդունց Բադին», «Աքարում», «Այու սարի լանջին») տեղ է գտել Բեյրութում 1955—1956 թթ. հրատարակված «Ամբողջական գործը» ժողովածուի 1-ին և 2-րդ հատորներում։

Հեղինակի երկերի 1955 թ. երևանյան հրատարակության մեջ 1927 թվականից հետո առաջին անգամ առանձին ներկայացված է «Մթնաձոր» պատմվածքաշարը, սակայն նրանում չկան այն չորս պատմվածքները, որոնք հեղինակը հետո գտել է իր հաջորդ ժողովածուների մեջ (Երկերի 1955 թ. հրատարակությունում այդ պատմվածքները համապատասխանաբար տեղ են գտեք «Սև ցելերի սերմնացանը» և «Անձրևը» շարքերում)։

Բակունցի Երկերի երկհատորյակի (Երևան, 1964) աոաջին հատորում «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը» և «Անձրևը» շարքերի բովանդակությունը պահպանված է ըստ 1955-ի երևանյան հրատարակության (միայն վերջին շարքում ավելացված է «Եվ բատրակը թույլ տվավ իրեն..» պատմվածքը, որ հանված էր 1955֊ի հրատարակությունից)։

1950-ական թվականների կեսերից սկսած «Մթնաձոր» շարքի աոանձին պատմվածքներ բազմիցս տպագրվել են պարբերական մամուլում, դասագրքերում, Ժողովածուներում։

1929 թվականին «Մթնաձոր» ժողովածուն ամբողջությամբ լույս է տեսել ռուսերեն («Темное ущелье», М—Л., Госиздат): Իսկ 1935-ին Բակունցի «Девушка Хонар» վերնագիրը կրող պատմվածքների մոսկովյան ռուսերեն հրատարակության մեջ «Մթնաձորից» տեղ են գտել «Խոնարհ աղջիկը» «Ալպիական մանուշակը»։

Բակունցի պատմվածքների 1955 թվականի ռուսերեն հրատարակության մեջ (Երևան, Հայպետհրատ) «Մթնաձորի» պատմվածքներից տեղ են գտել «Ալպիական մանուշակը», «Լառ-Մարգարը», «Միրհավը», «Սաբուն», «Խոնարհ աղջիկը»։

Քանի որ Բակունցը «Մթնաձոր» շարքի իր վերոհիշյալ չորս պատմվածքները 1933 և 1935 թթ. վերահրատարակել է մյուս ժողովածուների կազմում, ապա առաջին հայացքից կարող է թվալ, թե գրողի երկերի մերօրյա հրատարակիչները այդ պատմվածքները համապատասխանաբար թողնելով «Սև ցելերի սերմնացանը» և «Անձրևը» շարքերում, հավատարիմ են մնում հեղինակի վերջին ցանկությանը։

Բայց և հարց է առաջանում, մեր օրերում ինչպե՞ս կվարվեր ինքը՝ հեղինակը, եթե կենդանի լիներ։ Կարծում ենք, «Մթնաձոր» շարքը կամբողջացներ 1927 թվականի բովանդակությամբ, գուցե որոշ կրճատում և մեկ-երկու լրացում անելով։ Հօգուտ այս կարծիքի կարելի է փաստարկներ բերել, այդ թվում՝ «Մթնաձոր» շարքի, առհասարակ 1920-ական թվականների մթնաձորյան պատմվածքների գեղագիտական-գաղափարական ակնհայտ ամբողջությունը, նաև այն, որ 1933 և 1935 թթ. ժողովածուների կազմում մթնաձորյան պատմվածքներից մի քանիսի մշակված տարբերակների վերահրատարակումը առնչված է եղել պարզապես այդ ժողովածուների լույս ընծայման առիթը օգտագործելու հանգամանքի հետ։