Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պատահական գնդա՞կ էր, թե դարանակալի խելագար ցանկություն, որ շիկացած արճճի հետ թռավ հեռվից, շաղ տվավ Պետու գանգը կանաչ խոտերի վրա:

Երբ տասնապետը եկավ խրամատին նայելու, տեսավ Պետուն` ընկած երեսնիվայր: Նոր փորած հողը ծծել էր արյունը կարմիր:

Խրամատի մի անկյունում էլ թաղեցին նրան:

Գյուղը հոգս շատ ուներ, լաց չեղավ Պետու համար: Տավարն էր, որ առավոտյան բառաչում էր գոմում, սարի կանաչին կարոտ:

Իսկ գիշերվա անձրևը սրբեց, լվաց խոտերից կաթիլները Պետու արյան…

* * *

Այու սարի լանջին հիմա մի կտոր տեղ կա, ուր կանաչն ավելի փարթամ է, ավելի մուգ։ Փարթամ կանաչի տակ փտում են ոսկորները Պետու։