Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամրջից գցի ձորում գտնվող հովազի վրա։ Բայց գերանը ջարդվում է, արջն ընկնում է ձորն ու սկսում կռվել հովազի հետ։ Որսորդները երկուսի վրա էլ կրակում են։ Երբ մոտենում են, արջը դեռևս կենդանի է լինում, որսորդը հրացանը բարձրացնում է, որ մեկ էլ կրակի, բայց տեղի է ունենում անսպասելին. «մահամերձ արջը թաթը բարձրացրեց ու ծածկեց աչքերը, որ հրացանի զարկը չտեսնի»,— պատմում է Ավագը։ Ապա արջը սատկում է։

Գրավիչ պատմվածքներ գրելու հակում ունեցող մի հեղինակ Գաբրիելի պատմության հետ միասին պատմվածքի կվերածեր նաև այս պատմությունը և սրա նման շատերը։ Բայց Բակունցն ամեն հետաքրքրական պատմություն չէ, որ գեղարվեստական երկ է դարձրել, այլ միայն այնպիսիները, որոնք օգնել են արտահայտելու հեղինակային ասելիքը։

Էջ 14, տող 4. Բերդանի գնդակը — բերդան ոուսերեն берданка բառից է. դա անունն է 10,67 միլիմետր տրամաչափով միալիցք հրացանի, որով XIX դարի երկրորդ կեսին (1869—1891 թթ.) զինված էր ոուսական բանակը: Բերդանկան գործածվել է նաև իբրև որսորդական հրացան:

Էջ 15—16. Պատմվածքում միալիցք բերդանը կրակում է երեք անգամ: Պատկերելով մարդու և գազանի գոտեմարտը՝ Բակունցը ոչինչ չի ասում միալիցք հրացանը երկրորդ ու երրորդ անգամ լիցքավորելու մասին, և կարող է թվալ, թե հեղինակային թյուրիմացության հետ գործ ունենք։ Սակայն իրականում այդպես չէ: Պատմվածքի հետևյալ նախադասությունը (էջ 16, տող 11 —12)՝ «Ավին մինչև վերջ էլ չիմացավ, թե ինչու չորրորդ փամփուշտը բերդանը ներս չառավ», ակնարկում է, որ երկրորդ և երրորդ կրակոցներից առաջ էլ, գոտեմարտի թեժ պահին Ավին հասցրել է երկու անգամ լիցքավորել հրացանը:

ՎԱՆԴՈԻՆՑ ԲԱԴԻՆ
(էջ18)

Բնագրային աղբյուրներ՝ ՆԱ 1924, 10 օգոս., №7, ՏՁ, Մժ: Տպագրվում է ըստ ՄԺ-ի բնագրի: Կատարված է հետևյալ ուղղումը. էջ 26, տող 32 — էջ 27 տող 1. ՄԺ-ի բնագրում. Հաբուգն ուրախ էր, որ նա քաղաքներ պիտի տեսնի, լեզուն սովորի։ Ուղղված է ըստ ՆԱ-ի և ՏՁ-ի՝ Հաբուգն ուրախ էր, որ քաղաքներ պիտի տեսնի, լեզու սովորի։

Առաջին անգամ տպագրվել է «Նոր ակոս» շաբաթաթերթի (Երևան) 1924 թ․ օգոստոսի 10-ի համարում։ Ապա կրճատված տեղ է գտել դասագրքերի մեջ․ 1925-ին՝ Ս. Հակոբյանի կազմած «Կարմիր արև. 4-րդ տարի» դասագրքում (2-րդ հրատ.), 1926-ին և 1927-ին՝ նույն դասագրքի երրորդ և չորրորդ հրատարակությունների մեջ։

1927-ին հեղինակային որոշ մշակմամբ տեղ է գտել «Մթնաձոր» ժողովածուի մեջ։ Այնուհետև, հեղինակի կենդանության օրոք կրճատումներով կամ