Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/622

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատվածաբար տպագրվել է մի շարք այլ դասագրքերում, ինչպես 1928, 1929 թթ.՝ «Կարմիր արև. 4-րդ տարի» դասագրքի հրատարակություններում, 1929-ին՝ Մ. Գասպարյանի կազմած «Խորհրդային գյուղում, («Պատերազմի համար զորահավաք» վերնագրով), 1930-ին՝ Ե. Չարենցի կազմած «Գրականության դասընթաց»-ի մեջ (2-րդ աստիճանի 7-րդ խմբերի և տեխնիկումների համար), ինչպես նաև՝ «Պատանի կոլխոզնիկ» (Ուսուցման Գ տարի) ու «Կյանք և աշխատանք» դասագրքերում, 1932-ին՝ «Գրականության և լեզվի դասընթացում» (ուսմ. 7-րդ տարի) 1933-ին՝ «Լեզվի և գրականության դասագրքի» մեջ (6-րդ տարի) և այլն։

1955 թ. տպագրվել է հեղինակի Երկերի միհատորյակում, 1956-ին «Ամբողջական գործի» (Բեյրութ) 2-րդ հատորում, 1964-ին երկերի երկհատորյակի 1-ին հատորում՝ բոլորն ըստ ՄԺ-ի բնագրի։

Պատմվածքի տպարանային ձեռագիրը բաղկացած է 24 փոքրադիր (18,5x22,8 սմ.) թերթերից, յուրաքանչյուրի մեկ էջին բնագիրը մաքուր գրված է հեղինակի ձեռքով, մանուշակագույն թանաքով։ Թուղթը սպիտակ, փայլուն, քիչ դեղնած։ Մեկ էջում կա 33—35 տող։ Էջերի վերին ձախ մասում՝ էջակալում կապույտ մատիտով 1— 24։ Վերջում հեղինակի ձեռքով և նույն թանաքով գրված է թվական՝ 1924, 9. III, ապա կապույտ մատիտով վրան գիծ է քաշված (որպեսզի չշարվի)։

Այդ թվականը երկը գրելու (հավանաբար ավարտելու) օրն է ցույց տայիս։ 1924-ի մարտին Բակունցը բնակվում էր Երևանում, սակայն պատմվածքի նյութը գրողը բերել էր Գորիսից, որտեղ Խարկովից Հայաստան վերադառնալուց հետո նա բնակվել է 1923 թ. հուլիսից մինչև նույն թվականի աշունը։ Այդ ժամանակամիջոցում Բակունցը պետք է լսած չիներ այն պատմությունը, որն օգտագործված է «Վանդունց Բադին» պատմվածքում։ Ավելի վաղ դա լինել չէր կարող, քանի որ գրողը 1917 թ. աշնանից մինչև 1923 թ. չի եղել հայրենի քաղաքում, մինչդեռ պատմվածքի հիմքում գրված գլխավոր դեպքը կատարվել է 1918—1920 թթ. ժամանակամիջոցում։

Պատմվածքի նախակերպարներն են Գորիսի նախրապան Շաբադաթր, նրա կինը և որդին՝ Հաբուդը։ Վերջինս ցարական բանակից վերադառնալով (հավանաբար 1918 թվականին), մասնակցել է ընդհատակյա հեղափոխական շարժմանը և գնդակահարվել։ Իրական փաստերի համեմատ գրողը մի շարք փոփոխություններ է մտցրել պատմվածքում։ Նախ Շաբաղաթը դարձել է Բադի (որ ավելի դյուրարտասանելի է), ապա դեպքերի գլխավոր վայրը Գորիսից տեղափոխված է հարևան գյուղերից մեկը (հավանաբար՝ Երիշեն)։ Բակունցն ուզել է շեշտել Բադու լիակատար նահապետական գյուղացի՝ մթնաձորցի լինելը՝ խոնարհ, հեզ բնավորությամբ։ Գորիսը պատմվածքում ներկայացված է իբրև մոտակա քաղաք, որտեղ և գնդակահարում են Բադու որդուն։

Այնուհետև, Հաբուդին Բակունցը դարձրել է ծնողների միակ զավակը, այնինչ իրականում նա քույր է ունեցել, հասկանայի է, որ Հաբուդին լրիվ մինուճար ներկայացնելով, հեղինակն ավելի ողբերգական է դարձրել պատմվածքի ավարտը՝ սրել Բադու և նրա կնոջ հոգեկան տառապանքը որդու գնդակահարության առիթով։

Այնուհետև, հայտնի է, որ իրական Հաբուդը դրամով թուղթ խաղալու սովորույթ