Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/626

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոշակի հողավեճից, ներկայացնել ընդհանրապես հայ հին գյուղերին հատուկ հողային անպտուղ վեճերի բնորոշ մի պատկեր։ Մասամբ նաև դրանով է բացատրվում իրական տեղանուններից խուսափելը։

Միաժամանակ պատմվածքի մեջ հիմնականում ճիշտ է տրված երկու գյուղերի դիրքի նկարագրությունը՝ մեկը վերև, մյուսը՝ ցած, ճիշտ է, որ ցածի գյուղը՝ Միրը (Լորը) ավելի աղքատ է եղել, ընդհանուր առմամբ ճիշտ է պատկերված նաև վիճելի հողամասը։

Բակունցի պատմվածքը երգիծական է, հեղինակը կատակով է խոսում հայ գյուղացու հողային մանրախնդրության մասին։ Ցույց է տալիս, թե ցարական պաշտոնյաները ինչպես են կարողացել օգտվել հայ գեղջուկների այդ թուլությունից և երկու գյուղերից էլ կաշառքներ կորզել։

Պատմվածքում խոսք չկա, որ քաղաքից եկած հողաչափը ինքը՝ Բակունցն է։ Խոսք չկա նաև այն մասին, որ նախքան պաշտոնական թուղթ ստանալը գյուղացիները գիտեին հողաչափի վճռի մասին։ Պատմվածքը վերջանում է նրանով, որ հողաչափը շաբաթից ավելի լինելով երկու գյուղերում, վերադառնում է, և ապա քաղաքից հայտնում են. «Ծիրանի տափն ամբողջովին տալ Միր գյուղին, որպես աղքատ և հողազուրկ գյուղի»։

Փոքրիկ թուղթը, որի վրա գրված էր այդ նախադասությունը, վստահություն չի ներշնչում հնուց վիճող ու կռվող գյուղերին: Պատմվածքի վերջում Միրից պատգամավորներ են գնում քաղաք, խնդրում, որ իրենց տան Ծիրանի տափի միայն կեսը:

Իրականում Լորի գյուղխորհրդի այն ժամանակվա նախագահ Ե. Հարությունյանն է խնդրել հողժողկոմատին «հավասարության համար» հողամասը կիսել երկու գյուղերի միջև։ Հեղինակն այս իրողությանն այլ գունավորում է տվել, ստեղծելով պատմվածքին գեղարվեստականորեն շատ հարմարվող վերջ:

Բակունցը հողաշինարարական հարցերին հաճախ է անդրադարձել իր հոդվածներում ու ակնարկներում, որոնցում հանդիպում ենք «Ծիրանի տափում» նկարագրվածի բնույթի այլ վեճերի, հայ գյուղացիների այն հոգեբանական հատկանիշներին, որոնք երևան են եկել անպտուղ հողային հակամարտությունների ժամանակ։ Ահա մի այդպիսի օրինակ. «Հողային վեճ կա, ավելի ճիշտը, մի ծառի հարց։ Ծառը երկուսի սահմանում է բուսել, արտի միջնակում։ Հին վեճ է. ամեն տարի նույն բանը կրկնվում է, երբ պատերը նորոգում են, փլվածը պատում: Մեկն ասում է, թե ծառն իմն է, մյուսն էլ՝ իմն է: Չեն էլ ուզում ծառը կտրել, բայց այնքան պինդ են պատել ծառի շուրջը, որ ծառի բունը չի հաստանում:

Վեճին վերջ են տալիս, ծառը համարում դպրոցի սեփականություն։ Կողմերը մի պահ վարանում են, հետո համաձայնում.

-Թող ձեր ասածը լինի...» («Արտելիաս») ։

Կարծես գործ ունենք «Ծիրանի տափում» նկարագրված վեճի վախճանի ավելի փոքր չափի մի տարբերակի հետ։