Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/633

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ծով-ծով աչեր և լուս քնար,
Ունքն է կեռեր քան ըղկամար։

(Հովհաննես Թլկուրանցի. Տաղագիրք. Երուսաղեմ, 1958, էջ 19, նաև՝ Տաղեր, Երևան, 1960, էջ 157): Էջ 92, տող 12—13. «ելանեն, լեռնանան և իջանեն դաշտանան»— արտահայտություն Սաղմոսարանից Աստվածաշունչ ՃԳ սաղմոս, տողեր 8—9) ամբողջ նախադասություն է՝ «Ելանեն, լեռնանան և իջանեն դաշտանան ի տեղի յոր հաստատեցեր զնոսա»:


ՄԻՆԱ ԲԻԲԻՆ

(էջ 97)

Բնագրային աղբյուրներ՝ ՏՁ, ՄԺ.

Տպագրվում է ըստ ՄԺ-ի բնագրի: Ուղղում.

Էջ 104, տող 18. ՄԺ-ի բնագրում՝ աշխուժ—ուղղված է ըստ ՏՁ-ի՝ աշխույժ:


Առաջին անգամ տպագրվել է ռուսերեն, «Զարյա Վոստոկա» օրաթերթում (Թիֆլիս), 1925 թ. նոյեմբերի 5֊ին (№ 1021 )[1]: Ապա 1927 թ. տեղ է գտել «Մթնաձոր» ժողովածուի մեջ: Պատմվածքի՝ «Զարյա Վոստոկա» լրագրում տպագրված ռուսերեն թարգմանության և «Մթնաձոր» ժողովածուի մեջ տեղ գտած հայերեն բնագրի բովանդակությունների միջև որոշ տարբերություններ կան:

Ռուսերեն տարբերակը զետեղված է հատորիս «Այլ խմբագրումներ» բաժնում: Թարգմանիչն անհայտ է: Պարզ նկատվում է, որ թարգմանությունը հեղինակը չի կատարել. ստույգ չեն թարգմանված որոշ հատվածներ, ճիշտ չեն տառադարձված Անժիկ և Ավան ամի անունները (առաջինը՝ Онжик, երկրորդը՝ дядя Ован) և այլն: Առհասարակ թարգմանությունը որակյալ չէ, բակունցյան խոսքն անհաջող է վերարտադրված ռուսերեն:

Պատմվածքի տպարանային ձեռագիրը նույնական է «Մթնաձոր» ժողովածուի տպագիր բնագրի հետ:

Այնուհետև, «Մինա Բիբին» տեղ է գտել գրողի երկերի 1955 թ. հրատարակության մեջ, ինչպես և Երկերի 1964 թ. հրատարակության առաջին հատորում:

Տպարանային ձեռագիրը բաղկացած է 13 փոքրադիր (17,5×23 սմ.) թերթերից, յուրաքանչյուրի մեկ էջում բնագիրը մաքուր դրված է հեղինակի ձեռքով, մանուշակագույն թանաքով: Թուղթը՝ սպիտակ, փայլուն, քիչ դեղնած: Մեկ էջում կա 29—32 տող, էջերի վերևում՝ ընդհանուր էջակալում կապույտ մատիտով, նախ՝ 61—73, որոնք ջնջված են, փոխարինված նոր համարակալմամբ՝ 94—106:

  1. Մեր որոնումները ժամանակի պարբերականներում այս պատմվածքի հայերեն բնագրի հրապարակումը գտնելու ուղղությամբ ապարդյուն անցան: Այնուամենայնիվ, չենք բացառում նման հրապարակման (նախքան «Մթնաձոր» ժողովածուի լույս տեսնելը) հնարավորությունը: