Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/639

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պատմվածքում ուսուցիչը գյուղից հեռանում է հաջորդ թվականի գարնանը, որ նույնպես իրողություն է:

Վերջապես, իրական է եղել գլխավոր հերոսուհին՝ Խոնարհը, այն էլ իրոք, բարակ ու բարձրահասակ և անունն էլ Խոնարհ: Խոնարհենց այգին եղել է այն տեղում, ուր նշված է պատմվածքի մեջ։ Խոնարհի փոքր քույրը՝ Անահիտը (այժմ մահացած) եղել է Բակունցի աշակերտուհին1, ինչպես պատմվածքում է: Ամեն ինչ ասում է այն բանի օգտին, որ ճշգրիտ են պատկերված նաև Բակունցի ու Խոնարհի հարաբերությունները, ընդհուպ մինչև դպրոցական տարեվերջի հանդեսին աղջկա ձեռքը բռնելը:

Պատմվածքում իրականի համեմատ՝ հեղինակը փոփոխել է հետևյալը: Հակառակ իրողության, պատմվածքում մեկ ուսումնական տարի ուսուցիչ եղածը և այդ տարին վերհիշողը ոչ թե հեղինակն է, այլ նրա ընկերը. սա, իհարկե, իրականի ձևական, եթե կարելի է ասել, արտաքին փոփոխություն է, որ արվել է ընտրված պատմելաձևի կապակցությամբ։ Ավելացնենք, որ 1926 թ. գարնանը Բակունցի՝ Լոր կատարած ուղևորության ժամանակ նրան ուղեկցել է պատմաբան Մորուս Հասրաթյանը՝ գրողի ընկերը։

Այնուհետև, պատմվածքում իրականի համեմատ փոխված են որոշ անուններ, օրինակ, Լորը դարձել է Ձորագյուղ, Բակունցի իրական տանտեր Հակոբ ապերը (Հակոբ Հովհաննիսյան) դարձել է Օհան ապեր, որոնք նույնպես ձևական բնույթի փոփոխություններ են։

Թերևս ավելի էական է մի ուրիշ շեղում իրողությունից. պատմվածքում նկարագրված Աշոտի դերը իրականում կատարել է Հակոբ ապոր դուստր Անահիտը։ Բակունցի՝ Լորում գտնված ժամանակ Հակոբն ունեցել է ոչ թե տասը տարեկան որդի, ինչպես պատմվածքում է, այլ տարիքով քիչ ավելի մեծ մի դուստր, Անահիտ2 անունով, որը երբեմն ուղեկցել է Ալեքսանդր վարժապետին որսորդության ժամանակ, նրա հետ միասին լսել հոր զրույցները, այսինքն՝ արել այն, ինչ պատմվածքում անում է Աշոտը։

Իրականից Բակունցի կատարած այս շեղումը հետևյալ հասկանալի պատճառն ունի. «Խոնարհ աղջկա» մեջ գեղարվեստական տեսակետից հարմար չէր լինի Խոնարհի գրեթե հասակակից մի ուրիշ աղջկա հանդես գալը, այն էլ հենց վարժապետի ապրած տանը: Իսկ տասնամյա մի տղա՝ Աշոտը այս նկատառումով շատ հարմար է պատմվածքում:

Բակունցը փոխելով երկրորդական անձանց անունները, անփոփոխ է թողել գլխավոր հերոսուհունը: Այս հանգամանքն էլ հասկանալի է. Խոնարհ անունը ոչ միայն համապատասխանում է այն կրող կերպարի էությանը, այլ նաև

———————————————

1 Խոնարհի, ինչպես և նրա հետ կապված բոլոր հանգամանքների վերաբերյալ տեղեկությունները հավաքել ենք անձամբ Լոր և Դարաբաս գյուղերում 1961 թ.: Մեզ հատկապես շատ է օգնել Խոնարհի եղբայր Դավիթ Առուստամյանը:

2 Հակոբ Հովհաննիսյանի դուստրը՝ Անահիտը, մինչև վերջերս բնակվում էր Բաքվում: